Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131337
A A
Հասարակություն

Օրենսդրությամբ գրագողություն հասկացություն չկա․ ռեկտորի պաշտոնակատարը՝ իր ատենախոսության մասին (տեսանյութ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի խոսքով` իր պաշտոնավարման ընթացքում համալսարանում փաստացի վերացել է որևէ  ուսանողի համար միջնորդության արատավոր երևույթը։

«Չկա որևէ ուսանող, որ առանց գիտելիքի արտոնություն ունենա», - շեշտեց նա։

Հայրապետյանն ասաց, որ նոր համակարգ են ներմուծել ժամանակավոր հաստիքների վերաբերյալ, որպեսզի ուսանողն աշխատանքի տեղավորվելիս պրակտիկայի խնդրի առջև չկանգնի։ 

Անդրադառնալով դասախոսների մրցույթի անցկացման կարգին՝ Հայրապետյանն ասաց, որ չափելի հստակ մեխանիզմ է եղել, որն ընդգրկել է ռուսերեն, անգլերեն, մաթեմատիկական բազային գիտելիքներ, գիտական աստիճաններ և այլն։ 

Նախկինում, ըստ ռեկտորի պաշտոնակատարի, սուբյեկտիվությունը մեծ է եղել դասաժամերի բաշխման հարցում և այս մրցույթով հնարավորինս փորձել են ընթացակարգը բերել ռացիոնալության դաշտ։ 

Անդրադառնալով իր դոկտորական ատենախոսությունը՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ օրենսդրությամբ գրագողություն հասկացություն չկա։ 

Նա հավելեց, որ «ամենագործուն անձը, որ խոսել է ատենախոսություն թեմայից, հետագայում գնացել է ճշտելու, թե արդյո՞ք իր ատենախոսության վերաբերյալ որևէ մեկը որևէ բան գիտի»։ 

Հայրապետյանի համար ցավալի է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավունք չունի գիտական կոչումից զրկելու, ինչի մասին նա նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին է ասել։ 

Հայրապետյանը նշեց, որ ընդդիմախոսները կենտրոնանում են տեսական հատվածի վրա, և ինքն էլ ընդունում է թերացումները, սակայն հետազոտական մասերն իրենն են։

Դասախոսների պնդմանը, թե տասնյակ դասախոս գործազուրկ է մնալու, ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ 78 նախկին դասախոսի փոխարեն համալսարանը համալրվելու է մոտ 100 դասախոսով։ 

«Մենք ստացել ենք հրաշալի արդյունք դասախոսների մրցույթով», - ընդգծեց նա՝ հավելելով, որ արդյունքը սեպտեմբերից ակնհայտ կլինի։