Գյուղացին եկամտի փոխարեն վնասներն է հաշվում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյուղացիներն իրականացնում են աշնան վերջին բերքահավաքը։ Ակնալիճցի Գասո Սլոյանը Արշալույս գյուղում 1,5 հեկտար հողատարածք է վարձակալել, լոլիկ ու սմբուկ է ցանել։ Լոլիկի վերջին բերքահավաքն է կատարում։ Ասում է՝ շուրջ 5 տոննա լոլիկ կլինի, ափսոս է, դաշտում չմնա, բույսն արդեն չորանում է, պտուղը կորակազրկվի։ Գործարանին լոլիկի մեկ կիլոգրամը 40 դրամով է հանձնում։ Գյուղատնտեսական սեզոնի ընթացքում հասցրել է 30 տոննա լոլիկ մթերել։ Սլոյանի սպասելիքները չեն արդարացել, հիասթափված է, նախ՝ 40 դրամով լոլիկի վաճառքը կատարած ներդրումը չի հատուցում, իսկ ամենակարևորը՝ սերմնացուի հարցում է խաբվել։ Եթե լոլիկի սերմի հարցում վաճառողը բարեխիղճ գտնվեր, ապա Գասոն մեկ հեկտարից մոտ 80 տոննա լոլիկ կհավաքեր։ Ասում է՝ նախորդ տարի հենց այդ ցուցանիշն է ունեցել։
«Քոլերը կանաչ կանգնած էին, չէր ծաղկում, հետո ծաղկեց, պամիդորը չպահեց վրան, ավելի ուշ քցեց պտուղը ու ուշ էլ կարմրեց, սեզոնի կեսից նոր սկսել են հավաքել։ Հետո մի տեսակ սորտը ուրիշ էր, չհասունացած նեխում էր, դիմացկուն չէր, դրա համար հազիվ մի 30 տոննա հավաքեցինք», – ասում է Գասոյի հայրը և սրտնեղում՝ 5 մլն դրամ վարկ է վերցրել մշակությունն իրականացնելու համար, բայց գումարը հազիվ բավականացրել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման՝ բուժանյութի, ոռոգման, բերքահավաքի ու աշխատուժին վարձատրելու համար։ Եվս 300 հազար դրամ պետք է վճարի վարձակալված հողի համար։
ALT.TV