Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 14-ը օգոստոսի. «եթե ոչ ես ու Ալիեւը. բա էլ ո՞վ » Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

1997-ի այս օրերին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը լողում է իր երազի հետքերով։ Նախօրեին նա երազում տեսել է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին, որ արցախյան պատերազմի առաջին օրերին ասել էր, թե շուտով իր ոտքերը կթրջի Սեւանի ջրերում։  Ի պատասխան դրա, նա օգոստոսի 14-ին   լողալով (4 ժամում 7 կլիոմետր) անցնում է Սեւանը՝ լայնությամբ։ Ընկերակից լողորդը Հայաստանում ռուսական ցամաքային զորքերի հրամանատարն է։

1998-ի այս օրերին Զբաղվածության հանրապետական ծառայությունն ուզում է հայտնաբերել հաշվառված այն գործազուրկներին, որոնք ստվերային եկամուտ ունեն ։ Այս իմաստով մտադիր են համագործակցել նաեւ հարեւան երկրների հետ

Նախագահի նստավայրի դիմաց 9 հոգի 1998-ի օգոստոսի 14-ին 4 օրյա հացադուլ է հայտարարել։ Նրանք այստեղ պահանջում են քաշել դատավորների եւ դատախազների ականջները, որոնց սխալ որոշումները  իրենց հասցրել են այստեղ։ Նրանց կրկին առաջարկում են դիմել դատարան կամ դատախազություն

Կառավարության ղեկավար Արմեն Դարբինյանը 1998-ի այս օրը հանդիպում է ստեղծագործական միությունների հետ ։ Ժուռնալիստների միությունը խնդրում է իրեն ազատել հարկերից եւ կառավարական երկու առանձնատուն նվիրել միությանը։ Հրանտ Մաթեւոսյանը խնդրում է 10-15 անապահով գրողի հատկացնել թոշակ 50-ից 100 դոլարի չափով։  

1999-ի այս օրը Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանն այցելում են Արարատի մարզ մարդկանց տեսնելու ։ Այնտեղ պարզաբանումներ ներկայացնողը մարզպետ Հովիկ Աբրահամյանն է։ Սակայն սեփական տանը գտնվողի իրավունքով խոսք ասողը Վազգեն Սարգսյանն է։ Գյուղերից մեկի դպրոցի բակի որակը նրա համար թեմա է -Կարաս չասֆալտապատես։ Դեմիրճյանի վախտ էլ սենց ա եղել մեր դպրոցները։ Բայց գոնե մաքրացրեք։ Ստե չի, չէ՞։  

Մարզում լրագրողների հետ Վազգեն Սարգսյանը խոսում է Հայաստանին տրամադրվելիք վարկերի եւ այն մասին, թե ինչպես է հայ ժողովուրդն ընկալում այդ վարկերը -Ցավոք սրտի մեր ժողովրդի մեջ կա այն տպավորությունը, որ նվեր տված ձիու ատամները չեն հաշվում։ Եթե ամերիկացին ա տվել, ՀԲ-ն ա տվել, կարելի ա մի քիչ վրայից տանել, կարելի ա մի քիչ էն կողմ դնել։ Դա էդպես չի։ Դա մեր բոլորիս պարտքն ա։  

2002 թվականի օգոստոսի 14-ին Նախիջեւանի Սադարակ գյուղի մոտ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները՝ «բանակցություններ առանց միջնորդների» ձեւաչափով ։ Դաշտային պայմաններում իրար հետ անցկացրել են 4 ժամ: Եղանակը այնքան շոգ էր, որ նախագահների բանակցության համար բացված վրան պաղպաղակ էին տանում: Բանակցությունների թեման այդքան հովվերգական չէր, Ղարաբաղի կոնֆլիկտն էր  

2006-ի օգոստոսի 16-ին «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն դրական է վերաբերվում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անդամակցությանը ՀՀԿ-ին, նա միշտ էլ սատարել է այդ կուսակցությանը, հիմա դա անում է բաց եւ թափանցիկ։  

2008-ի օգոստոսի 13-ին եւ 14-ին Սերժ Սարգսյանը ռուս վրացական պատերազմի զոհերի առիթով ցավակցական խոսքեր է ուղղում նախագահներ Դմիտրի Մեդվեդեւին եւ Միխեիլ Սահակաշվիլիին։ Վրաստանի վրա հարձակված Ռուսաստանի նախագահին նա ցավում է սպանված ռուսների համար, իսկ Վրաստանի նախագահին անկեղծ ցավակցում զոհվածների համար։