Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Վարդանյան
A A
Պաշտոնական

Անհեթեթ մեղադրանքներ, զրո ապացույցներ. բացահայտվում են Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները․ հայտարարություն

Մասնագետներն սկսել են վերլուծել Բաքվի ռազմական դատարանի կողմից քսան տարվա ազատազրկման դատապարտված հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը: Այն հատում է անհեթեթության բոլոր սահմանները, և դժվար է անգամ որևէ տրամաբանական կապ գտնել առաջադրված մեղադրանքների և ապացույցների միջև: ««Արդարադատություն» ըստ Ադրբեջանի» խորագրի ներքո «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի հետ, սկսել է ըստ մեղադրանքների և հոդվածների վերլուծել Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը:

Ստորև կներկայացնենք մի քանի ուշագրավ դրվագներ նշված շարքից:

Դրվագ առաջին. Ռուբեն Վարդանյանը մասնավորապես «մեղավոր» է ճանաչվել «Ագրեսիվ պատերազմ վարելու» հոդվածով, քանի որ 2020 թվականին «միացել է ինքնիշխան տարածքների օկուպացիայի շարունակմանը»:

Ի՞նչ «փաստերով» է ապացուցվել մեղադրանքը: Որպես մեղադրանքի հիմքում ընկած «ապացույց» դատավճռում նշվում է այն, որ «Ավրորա» նախաձեռնության կողմից 2020թ. դեկտեմբերին միջոցներ են հատկացվել Արցախին՝ ուղղված պատերազմից տուժած բնակչության համար հումանիտար ու սոցիալական բնույթի ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև «Ավրորայի» դափնեկիր Միրզա Դիննայիին այցելել է Ստեփանակերտ: Այս երկու «փաստերը» բավարար են եղել, որպեսզի Վարդանյանին Բաքվի ռազմական դատարանը «մեղավոր» ճանաչի այս հոդվածով և դատապարտի քսան տարվա ազատազրկման:

Դրվագ երկրորդ. Ռուբեն Վարդանյանին մեղավոր է ճանաչվել «Խմբի հետապնդում քաղաքական, ազգային, էթնիկ և այլ արգելված դրդապատճառներով» հոդվածով: Նրան վերագրվել է այս հոդվածով նախատեսված՝ «Հետապնդում ազգային և քաղաքական հատկանիշով, տեղահանվածների վերադարձին խոչընդոտելը» արարքը, իսկ որպես «ապացույց» ներկայացված է Ադրբեջանի Փախստականների և ներքին տեղահանված անձանց պետական կոմիտեի 2023 թ. գրությունը: Դատավճռում չկա ոչ մի տուժող, որը վկայություն է տվել Վարդանյանի դեմ, չկա ոչ մի գործողություն, որը կատարել է անձամբ Ռուբեն Վարդանյանը։ Ամենախնդրահարույցը դրդապատճառն է. այն փաստացի բխեցվում է Վարդանյանի ազգությունից՝ հայ լինելուց. պարզվում է, որպես «ապացույց» է հանդիսացել Վարդանյանի էթնիկ ծագումը։

Դրվագ երրորդ. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 3 980 ադրբեջանցու բռնի անհետացման համար: «Բռնի անհետացում» հոդվածով նրան վերագրվել է «1989–2020թվականներին 3980 անձի ճակատագրի մասին տեղեկություններ տրամադրելուց հրաժարում» արարքը: Որպես «ապացույց» ներկայացվում է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի 2023 թ. գրությունը՝ Արցախյան առաջին պատերազմի կապակցությամբ անհայտ կորած անձանց թվաքանակի մասին:

Հոդվածի տրամաբանությունը ենթադրում է, որ մեղադրվող անձը կամ պետք է մասնակցություն ունենար վերագրվող արարքին, կամ՝ գոնե պետք է տիրապետեր այն տեղեկությանը, որը պիտի տրամադրեր, մինչդեռ Ռուբեն Վարդանյանն անհատապես 1989–2020թթ. չի էլ գտնվել Արցախում: Դատավճիռը որևէ կերպ չի հիմնավորում, որ նա երբևէ ունեցել է նման տեղեկություններ կամ դրանք տրամադրելու լիազորություն, բայց դա ամենևին չի խանգարել Բաքվի ռազմական դատարանին մեղքը ապացուցված համարել և նրան դատապարտվել 20 տարվա ազատազրկման:

 

Free Armenian Prisoners թիմ