Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները` կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներն ու նրանց հարազատները պահանջում են իրենց տրամադրել Զիպրեքսա, այլ ոչ թե Ջեներիկ դեղ: 2015-ից մեկնարկած «Արտահիվանդանոցային ծառայություն Զիպրեքսա դեղով արդյունավետ բուժում» ծրագրի շրջանակում դեղի մատակարարումը փետրվարից դադարեցվել է: «Սա միակ դեղն է, որ ուղեղի բոլոր ծալքերն է մտնում, դեղը իսկապես մարդկանց փրկում է: Ես չեմ հասկանում, եթե դուք անորակ դեղ եք բերելու եւ գումարներ ավելացնելու բյուջեի մեջ, դա արդեն չի տեղավորվում մարդկանց ուղեղի մեջ: Միթե մեղք չեն, քանի երիտասարդներ գիտենք, որ այս դեղի շնորհիվ կարողանում են ապրել»,- ասաց դեղօգտագործողներից մեկի հայրը: Քաղաքացիները մտահոգված են՝ ինչպես են դեղատներից ձեռք բերելու թանկ դեղը, որոնք տրամադրվում էր անվճար: «Անցած տարի գարնանը առել եմ մի տուփը 58,000 դրամ՝28 հատը 10 մգ»: «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանն ավելացնում է, որ իրենց շահառուները 300-ն են, իսկ նոր դեղը խոստացել են տրամադրել 100 շահառուի: «Մնացածի առողջությանը ինչ է սպասում հայտնի չէ»: Կառավարության դիմաց իրենց մասին են հիշեցնում նաեւ 12 տարի առաջ պետության կարիքների համար իրենց տներից զրկված Երկմալյան փողոցի բնակիչները: «Հավատալով պետության կարիքների համար, վստահելով կառավարությանը մեր տները քանդվեցին, ու մենք սպասում ենք: Արդեն 4 կառավարություն է փոխվել»,- ասում է Արշակ Ղազարյանը: Իսկ Անահիտ Պողոսյանը դեռ 2008 թ 75000 Ամերիկյան դոլար է վճարել, որպեսզի Երկմալյան 6 հասցեում բնակարան ունենա: « Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին պահանջում են գործարանի վերագործարկում եւ մասնակի անվավեր ճանաչել «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հետ կնքած պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը: 18 աշխատակից հայց է ներկայացրել դատարան: «Ցանկանում ենք մեր տոկոսների վերադարձում: Մեզ խաբել են, ասել են, որ հրաժարվեք նոր գումարը կտանք: Մենք էլ ստիպված, որ տարիներով գումար չէինք ստացել եւ սովի էինք մատնվում, հրաժարվել ենք»,- ավելացնում է Անահիտ Գրիգորյանը: Նաիրիտցիների աշխատավարձը մարվեց այն բանից հետո, երբ նրանց պայմանագիր կնքեցին եւ հրաժարվեցին տույժ-տուգանքներից: