Ֆիրդուսցիները զրկվում են օրվա հաց վաստակելու հնարավորությունից (տեսանյութ)
«Ֆիրդուսի» տոնավաճառում առեւտրով զբաղվողները զարմանում են՝ ինչպես կարող են իրենց զրկել օրվա հաց վաստակելու հնարավորությունից. «Փոխանակ մարդկանց ելք տան, որ կարողանան պաշտպանել իրենց այդ դժվար պայմաններում, հակառակը խեղդած են պահում: Մարդիկ դուրս գան, որտե՞ղ գնան, աշխատատեղեր էլ չկան, որ մարդիկ աշխատեն»,- այս մասին «Ա1+»-ին ասաց աշխատակիցներից մեկը: Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ «Ֆիրդուսի» տոնավաճառը կքանդվի եւ տարվա երկրորդ կեսից կիրականացվեն շինարարական աշխատանքներ: Բացի Ֆիրդուսի տոնավաճառից, քանդվելու են նաեւ շրջակայքում գտնվող տները: Տեղում ապրող բնակիչների հետ, սակայն, դեռ պայմանագրեր չեն կնքվել եւ կոնկրետ առաջարկություն էլ չեն եղել: Լաուրա Սաֆարյանն արդեն 60 տարի է՝ ապրում է Հանրապետության փողոցում: Դեռ 2007 թ.-ին նրանց տունը՝ 800 քմ տարածքով, ճանաչվել է հանրային գերակա շահ: Որքան էլ դժվար է տարածքը լքելը, համարժեք փոխհատուցման դեպքում ընտանիքը պատրաստ է: Ֆիրդուսիի տարածքում նախատեսվում է մոտ 90 մետր տրամագծով օղակաձեւ նոր հրապարակի կառուցում: Քաղաքացիների կարծիքները՝ տեսանյութում