Հորդանանցի գործարար. «Պատերազմի պատճառով գործը նախատեսված արդյունքը չունեցավ» (տեսանյութ)
Դեռ մեկ տարի առաջ հորդանանցի հաշվապահ ու երաժիշտ Կարո Սարիբեկյանը նախատեսում էր Երեւանում կամ Դիլիջանում սրճարան հիմնել, այն ժամանակ կամավորական աշխատանքներով առիթ ունեցավ Ստեփանակերտ գնալ։ Հենց այդ ժամանակ ծրագրերը փոխվեցին. Հայաստանի փոխարեն սրճարանը Արցախի մայրաքաղաքում հիմնեց։ Արդեն շուրջ 20 հազար դոլարի ներդրում է կատարել. սակայն առայժմ վնասով է աշխատում: «Պատերազմի պատճառով մի քիչ տուրիզմը չկայացավ, գործը նախատեսված արդյունքը չունեցավ: Բայց այս տարի հուսով ենք լավ կստացվի»,- ասում է Կարո Սարիբեկյանը:
Երիտասարդ գործարարին խնդիրները չեն վախեցրել։ Նաեւ Հայաստանի ներդրումային միջավայրն է ուսումնասիրում: Այդ նպատակով շուրջ 50 սփյուռքահայ գործարարների հետ մասնակցում է «Հայաստանում ներդրումներին սփյուռքահայերի մասնակցությունը» կլոր-սեղան քննարկմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն, առողջապահություն, հյուրանոցային բիզնես, գինեգործություն: Սա ոչ ամբողջական ցանկն է այն ոլորտների, որտեղ ներդրումներ են կատարել ու աշխատում են սփյուռքահայ գործարարները: ՀՀ սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիշեցնում է՝ 3,2 մլրդ դոլար է գնահատվում այն ներդրումների ծավալը, որ օտարերկրացիները պատրաստ են ներդնել Հայաստանում, դրանցից 600-700 մլն դոլարը նախատեսվում է ներդնել հենց 2017 թ-ին:
Րաֆֆի Կազանչյանը ընտանիքի երկրորդ սերնդի ներկայացուցիչն է, որ զբաղվում է ժամագործությամբ: Հայաստանում 10 տարի առաջ է հիմնել ժամացույցների խանութ, ասում է համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակն է պատճառը, որ արդեն 2 տարի է շրջանառություն առհասարակ չի եղել: Միայն թե իրավիճակը նույնն է անգամ Շվեյցարիայում:
Եթե ժամագործներին ժամանակ է հարկավոր՝ մինչեւ համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը կբարելավվի, ապա բնական կոսմետիկայի արտադրության ոլորտում զարգացման ծրագրեր են կազմվում:
«Մեր նպատակն էր ստեղծել մի պրոդուկտ, որ բավականին շատ աշխատատեղ կստեղծի Հայաստանում: Հիմա մենք շատ բույսեր ենք աճեցնում՝ օգտագործելով գիտական ներուժը: Իսկ վերջնական արտադրանքը պետք է լինի փոքրածավալ եւ բարձրարժեք, որպեսզի արտահանելու համար հարմար լինի»,- ասաց «Նաիրիան» բնական կոսմետիկա արտադրող ընկերության հիմնադիր Արա Մարկոսյանը:
Ամերիկահայ գործարարները բնական հումքով կոսմետիկան նախ Հայաստանում էին վաճառում, իսկ մինչեւ մարտի 8-ը հայկական արտադրության կոսմետիկան հասանելի կլինի Ռուսաստանում, հետո կմտածեն ԱՄՆ, Ճապոնիա արտահանելու մասին: