Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուրիշ մանկություն. Բայց մոր եփածն ուրիշ է (տեսանյութ)

Հասարակություն
erexaner-1

Արեւիկ  Փերկելյանը իր երեք երեխաներին միայնակ մեծացնում է  կոմունալ պայմաններից զուրկ բնակարանում։ Նրա  խնամքին է   նաեւ հիվանդ մայրը: Հացի խնդիրը լուծելու համար նա աշխատում է՝ որտեղ եւ որ ժամին  հնարավոր է՝   երեխաներին հաճախ թողնելով  առանց ծնողական խնամքի. «Ես  արդեն մտածում էի երեխեքին գիշերօթիկ ուղարկեմ, որովհետեւ սոցիալական պայմաններն ահավոր են, ես անընդհատ ելք էի ման գալիս»,- ասում է Արեւիկ Փերկելյանը: Այլընտրանքը Արեւիկը գտել է՝  երեխաներին  տանելով  Աջափնյակ համայնքի սոցիալական հոգածության կենտրոն: Երկու աղջիկներն արդեն չեն գնում կենտրոն, քանի որ նրանց խնդիրները լուծում են ստացել։ 11 -ամյա Հովհաննեսն է  դեռ կենտրոն հաճախում։ Այնտեղ նա բոլորի սիրելին է: hovhannes-3 Կենտրոնում Հովհաննեսի սիրած վայրը գրադարանն է:  Ասում  է՝ մանկական բաժնի բոլոր գրքերը կարդացել է: Բայց ամենասիրած գիրքն այստեղ չէ: Տանն է ՝ մանկական Աստվածաշունչը. «Այդ գրքից սովորել եմ, որ պետք է չգողանալ, չսպանել, պետք է  ապրել արդար եւ քո հացը քո քրտինքով վաստակել»: Ապագա մասնագիտության հարցում Հովհաննեսը դեռ չի կողմնորոշվել: Ասում է՝ ընտրության մեծ հնարավորություն ունի: Շախմատիստ, դհոլահար, երգիչ՝ դեռ պետք է խորհի։ 11- ամյա տղան իր երազանքների մասին խոսել չի ուզում,  միայն խաղաղություն է ցանկանում, որն այսպես է պատկերացնում. «Խաղաղությունն այն է, երբ մարդիկ իրար հետ համերաշխ են լինում, բոլորը հաշտ ու համերաշխ են, անգամ շրջապատի մարդիկ, ես չեմ ուզում շրջապատում ու ընտանիքներում կռիվ լինի»: Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի աշխատակիցները ուսումնասիրել են  2000 ընտանիքի  3250  երեխայի կարիքները։  Ռիսկային են համարվել 900 երեխա, որոնք էլ կենտրոնի գործունեություն 11 տարիների ընթացքում ստացել կամ ստանում են ցերեկային խնամք: Այս պահի դրությամբ` կենտրոն է հաճախում 104 երեխա: «Այստեղ գալիս են երեխաներ, որոնց հարց ենք տալիս, կարող է չպատասխանեն անգամ, ամաչում են խոսեն, կարծիք չեն արտահայտում, երբեմն կարծիք չունեն: Երեխաները բարձիթողի վիճակում  են, եւ դա բավական մեծ հետք է թողնում նրանց վրա»,- ասում է Աջափնյակ համայնքի սոցիալական հոգածության կենտրոնի սոցիալական մանկավարժության բաժնի պետ Անահիտ Զոհրաբյանը: Ըստ կենտրոնի կատարած ուսումնասիրությունների՝ Սոցիալական հոգածության կենտրոն այցելած երեխաների  50-60 տոկոսը ունենում է դաստիարակչական խնդիր, 60 -70 տոկոսը՝ շփման խնդիր, 50- ից ավելը՝  կրթական խնդիր, 35-40 տոկոսի ինքնագնահատականը շատ ցածր է, 25 տոկոսն ունի՝ շատ բարձր ինքնագնահատական, 25-30 տոկոսը մտավոր զարգացման խնդիր ունի: Կենտրոնի սաների հետ ամեն օր աշխատում են  սոցիալական մանկավարժներն  ու հոգեբանները: Կենտրոնի խմբային աշխատանքներից մեկը ապագա մասնագիտության ընտրության կողմնորոշմանն է ուղղված։ 15 -ամյա Ռաֆայել Խաչատրյան  ընտրել է խոհարարի մասնագիտությունը: Արդեն  առաջին քայլերն անում է, տան  ավագ երեխան է, մոր բացակայության ժամանակ  նրա ուսերին է ոչ միայն 10 -ամյա քրոջ խնամքը, այլեւ տան գործերը: rafayel-4 «Եղել է՝ ամբողջ օրվա ուտելիքը իմ վրա է եղել,  օրինակ` Նոր Տարուն, ամեն ինչ ես եմ սարգել, մաման էտ գիշեր աշխատանքի եղել»,-ասում է նա։ Ռաֆայելն ու քույրը կենտրոն են  հաճախում արդեն 2 տարի: Երեխաների մայրը այս որոշումը ընդունել է, երբ հասկացել է, որ աշխատանքը թույլ չի տալիս հետեւել դեռահաս տղային: «Մեկ- մեկ ասում էի՝ տանելու եմ քեզ գիշերօթիկ, անկառավարելի էր դարձել»,- պատմում է Ռաֆայելի մայրը՝ Մադաթյան Լուսինեն: Կենտրոնի գործառույթները չեն սահմանափակվում միայն երեխաների խնամքով։ Մասնագետներն աշխատում են նաեւ ծնողների հետ:  Գնահատում են ընտանիքների  վիճակն ու  փորձում խնդիրներին արմատական լուծում տա: «Որպեսզի օգնենք երեխային, պետք է հասկանանք նաեւ ծնողին, շատ հաճախ է լինում, որ երեխաների իրավունքները մենք պաշտպանում ենք հենց ծնողներից: Մենք ծնողներին սովորեցնում ենք սիրել իրենց երեխաներին: Շատ հաճախ հանդիպում ենք ծնողների, որոնք չեն գիտակցում իրենց խնդիրը, իրենց թվում է երեխան բեռ է, անելանելի վիճակում են»,-  ասում է Աջափնյակի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Կարապետյանը: armine-2 Սոցիալապես անապահով վիճակում գտնվող ծնողներին օգնելու նպատակով՝  Հայաստանում  գործում է  պետական սոցիալական  հոգածության երեք կենտրոն, որտեղ հաճախում է  ընդհանուր առմամբ 300 երեխա: «Երբ սկսեցինք աշխատել, հասկացանք, որ անգամ ուշացել ենք, ընտանիքները կորցրել են իրենց իրական դեմքը, պետք են նման կառույցներ, որ կանգնեն հայ ընտանիքի կողքին, օգնեն նրանց, որ  մենք չունենայինք այնքան մանկատուն, ինչքան հիմա ունենք»,- ասում է Աջափնյակի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի տնօրեն Սեդա Ղալթախչյանը: seda-6 Բացի հոգեբանական  ու սոցիալական խնդիրների  հաղթահարումից՝ կենտրոնները  եւս մեկ նպատակ ունեն՝ բացահայտել իրենց սաների  թաքնված տաղանդները: Երեխաների պետական խնամքի կենտրոններից բացի Հայաստանում գործում են նմանատիպ մասնավոր հաստատություններ։  Դրանցից  մեկն էլ գտնվում է Մեծամորում: Մանեն ու Արեւիկը հենց Մեծամորի կենտրոնի սաներ են: Հանդիպման առաջին իսկ օրից անբաժան են:  Եվ դասերն են միասին պատրաստում, եւ  միասին խաղում: Անգամ մեկ ընդհանուր երազանք ունեն՝ ուզում են երգչուհի դառնալ: Ընկերուհիներն իրենց կյանքը չեն պատկերացնում  առանց  կենտրոնի: Նույն կենտրոնի սան 15 ամյա Օֆելյա Կիրակոսյանը, ի տարբերություն փոքրերի գիտակցում է՝ ինչու է դարձել  կենտրոնի շահառու: Բայց դրա պատճառով ոչ մի վայրկյան չի նեղսրտել. «Բոլորը մտածում են, որ էս տեղը, վատ տեղ ա: Ասում են, որ գնում են երեխեքը հաց ուտելու համար, հիմա էլ կան էտենց երեխեք, իմ վրա շատ են ծիծաղել, բայց ես դրանից չեմ նեղվել, ավելի հաճույքով եմ եկել»: Օֆելյան դպրոց ու կենտրոն հաճախելու  հետ միասին հասցնում է նաեւ տան գործերն անել. «Տանը բոլոր գործերն էլ ես եմ անում, մայրս գնում ա աշխատանքի, ես տներն եմ հավաքում, ճաշ եմ եփում, հետո գնում եմ տատիկիս տուն, իրեն էլ եմ օգնում,ամեն ինչ անում եմ»: Կենտրոնն Օֆելյայի համար ոչ թե երկրորդ ,այլ առաջին տունն է: Ասում է՝ կյանքում ինչ սովորել է՝ կենտրոնի շնորհիվ է. «Ինձ էստեղ ավելի է դուր գալիս, ավելի սիրով  էստեղ եմ գալիս,  քան գնում եմ դպրոց, որովհետեւ ուսուցիչներն իմ համար ավելի լավն են, իրանց սերը ուրիշ ա»: Սոցիալական  հոգածության կենտրոնները, օգնելով երեխաներին ու նրանց ընտանիքներին դուրս գալ  կյանքի դժվարին իրավիճակներից, նաեւ ամեն ինչ անում են, որ նրանք  չկտրվեն ընտանիքից : Կենտրոններում  մտածված  երեխաներին տաք ճաշ չեն տալիս, որպեսզի  երեխանները հենց մոր պատրաստածն ուտեն: Իսկ մայրերն էլ  չմոռանան, որ  անկախ ամեն ինչից հենց իրենք են պատասխանատու իրենց երեխաների  դաստիարակության ու ապագայի համար: