Օրացույց․ 11-ը մայիսի․ «Օկուպացված տարածքներ» արտահայտությունից հետո Օսկանյանին բնորոշում են որպես ազգադավ, հրաժարական պահանջում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1998-ի մայիսի 11-ին «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի աշխատակիցներին Ազգային Ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն անակնկալի է բերում՝ թերթի խմբագիր է նշանակվել Արաբկիր համայնքի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Շամիրամ Աղաբեկյանը։ Կոլեկտիվը զարմացած է՝ միգուցե մեր կարծիքն էլ հարցնեիք։
1998-ի այս օրը ֆիլհարմոնիկ նվագախմբում ուրիշ իրադարձություն է՝ նվագախմբի երիտասարդ ֆլեյտահար Կարեն Դուրգարյանը հանդես է գալիս որպես դիրիժոր։ Փարպիի բնակիչները 1999-ի այս օրը հավաքվել են Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի մոտ եւ պահանջում են 27-րդ ընտրատարածքը չմիացնել 56-րդ ընտրատարածքի հետ, դրանք տարբեր մարզերում են գտնվում։ Գյուղացիները գլխի են ընկել՝ իշխանությունն այս կողմերում թեկնածու ունի, որը փարպեցիների թեկնածուին պետք է հաղթի։
2000 թվականի այս օրը հանրապետությունից բացակայող Վանո Սիրադեղյանի փոխարեն ՀՀՇ վարչության նախագահի պարտականությունները դրվում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի վրա։ «Արմենիա» հյուրանոցի 550 նախկին աշխատողները հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի նստավայրի առաջ եւ նրան հիշեցնում են, որ նրա կուսակցությունը ժողովուրդն էր։ Նրանք աշխատանքից զրկվել են հյուրանոցի սեփականաշնորհումից հետո։
1998-ի իշխանափոխությանը աջակցեցին արտաքին ուժերը, որպեսզի Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունը դառնա Հայաստան Ադրբեջան հակամարտություն,-2001-ի թվականի մայիսի 11-ին հայտարարում է Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Հետեւաբար, Տեր-Պետրոսյանի հրաժարականն անխուսափելի էր։
Մայիսի 8-ին արտգործնախարարի բնորոշած «օկուպացված տարածքներ» արտահայտությունը հաջորդ օրերին դարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական թեման։ Ուրեմն, ըստ Օսկանյանի, մեր զինվորներն օկուպանտներ են եղել,-եզրակացնում են ազատամարտիկները։ Վարդան Օսկանյանի նույն արտահայտությունն իրար գլխի է հավաքել նաեւ ոչ խորհրդարանական ուժերին։ Արտգործնախարարը բնորոշվում է որպես ազգադավ։ Նրանք պահանջում են Վարդան Օսկանյանի հրաժարականը։ «Օկուպացված տարածքներ» արտահայտությունը ըմբռնումով են ընդունում ղարաբաղցի պաշտոնյաները եւ ագրեսիվ՝ տեղացի ազատամարտիկները։ 2011-ի այս օրը երգչուհի Էմմին ձախողվեց «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչում։ Նա չհավաքեց բավարար ձայներ գերմանական Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցող եզրափակիչ համերգին հանդես գալու համար։
2012-ի մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններից 5 օր հետո ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը ՀՀԿ-ին հասկացնում է, որ ճիշտը միայնակ կառավարություն ձեւավորելն է, թեպետ ինքը՝ Օսկանյանը, դեմ է քաղաքական մենաշնորհին։