Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_image012
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոմիտեն հրապարակում է բացահայտումներ Ադրբեջանի և հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին

Ս.թ. մայիսի 10-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակեց միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների օրենքի խախտումներ՝ կապված Ադրբեջանի կողմից էթնիկ կամ ազգությամբ հայերի նկատմամբ վերաբերմունքի հետ, ինչը գնահատվեց որպես՝  «բոլորովին անընդունելի», հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը:

Ադրբեջանը «ծանր քննադատության» ենթարկվեց արդարադատության միջազգային չափանիշներով ապօրինի գործողությունների համար՝ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը» նվիրված բաժնում, որտեղ ընդգծվեց մտահոգություն «միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների օրենքի կոպիտ և լուրջ ոտնահարումների առնչությամբ, որոնք իրականացվեցին ադրբեջանական զինուժի կողմից ռազմագերիների և էթնիկ կամ ազգային հայկական ծագում ունեցող այլ պաշտպանված անձանց նկատմամբ»:

Հրապարակային հայտարարության մեջ ՄԱԿ-ի կոմիտեն նշեց, որ «անհանգստացած էր զինված հակամարտությունների և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ազգային և էթնիկ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական սպանություններով, խոշտանգումներով և դաժան վերաբերմունքով, ինչպես նաև այս մեղադրանքների մասով հետաքննության և քրեական հետապնդման բացակայությամբ»:

Կոմիտեն նաև մտահոգություն հայտնեց էթնիկ կամ ազգային ծագումով հայ 23 անձանց շարունակական կալանքի առնչությամբ և կոչ արեց «անկախ, անաչառ, թափանցիկ և արդյունավետ հետաքննություն անցկացնել՝ լուրջ խախտումների մասին մեղադրանքների վերաբերյալ և կոչ արեց մասնակից պետությանը` պատասխանատվության ենթարկել մեղավորներին»: 

Զեկույցում շեշտվեց, որ «միջազգային մարդասիրական իրավունքը կիրառվում է բոլոր միջազգային և ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ, որոնց մասնակցում է մասնակից պետությունը» և որ հետաքննություններն ու հետապնդումները ներառում են «հրամանատարության կամ վերադաս պատասխանատվության դիրքում գտնվող ցանկացած անձի գործողությունները, ովքեր գիտեին կամ պետք է իմանային, որ իրենց ենթակաները իրականացրել էին կամ կարող էին իրականացնել արտադատական մահապատիժներ, խոշտանգումներ կամ դրսևորել դաժան վերաբերմունք, կամ այլ պատերազմական հանցագործություններ, և ձախողեցին ձեռնարկել ողջամիտ և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ»:

 

ՄԱԿ-ի զեկույցում նաև մեթոդաբար անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կառավարության կողմից սեփական բնակչության նկատմամբ խախտումների լայն շրջանակին՝ ներառյալ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ոտնձգությունների, ատելության հանցագործությունների, ատելության խոսքի և խտրականության, գենդերային հողի վրա հիմնված և ընտանեկան բռնությունների, մարմնական պատժի մեղադրանքներին, ի թիվս այլ մտահոգությունների:

«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ՄԱԿ-ի զեկույցը և հորդորում է միջազգային կառույցին հետևել նրա առաջարկություններին և ապահովել, որպեսզի Ադրբեջանում հարգվեն բոլոր մարդկանց իրավունքները, հատկապես՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը, պատերազմի ժամանակ գերևարված անձանց շարունակվող կալանավորումը՝ անկախ նրանց ազատ արձակման մասին Հայաստանի հետ երկկողմ պայմանավորվածություններից և հայերի շարունակական կալանավորումն առանց որևէ այլ պատճառի, քան նրանց էթնիկ ինքնությունը»,– ասացին համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը։