«Ոչ միայն տեղեկություն է դուրս տրվել, այլեւ՝ ձայնագրություն» (տեսանյութ)
«Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալներում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության 37 քաղաքացու անուն։ Երեկ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել է փաստաթղթերի ամբողջական փաթեթ,որում ենրառված է 320000 անձի անուն։ Ավելի վաղ հրապարակված ցուցակում էր նաեւ ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը: «Ես խնդրում եմ, որ որեւէ մեկը շտապողականություն չցուցբերի: Դրանք ուսումնասիրվում են: Եթե նման անուններ կան, նրանց բոլորի վերաբերյալ համապատասխան մարմինները կատարում են ուսումնասիրություններ, եւ ենթադրություններ անել պետք չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նոր հրապարակված տվյալների մեջ Ադրբեջանից կա 127, Վրաստանից՝ 82, ՌԴ-ից՝ 6,200 քաղաքացու անուն, այդ թվում՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած միլիարդատերերի ու երաժիշտների անուններ: Ինչ վերաբերում է ԱԺ-ում ՊՆ հետ դռնփակ հանդիպմանը, ապա Վահրամ Բաղդասարյանին դուր չի եկել, որ որոշ մանրամասներ են հրապարակվել մամուլում. «Այնքան նեղ է եղել շրջանակները, որ շատ ցավում եմ, որ այնտեղ ոչ միայն տեղեկություն էր դուրս տրվել, այլեւ պարզ ձայնագրություն էր տրվել, որը անթույլատրելի է պարզապես»: Պարոն Բաղդասարյանը չի ցանկանում մատնանշել որտեղիղ է ինֆորմացիայի արտահոսքը, սակայն երեւույթը նա տհաճ համարեց. «Մամուլի հետ իր հարաբերությունները բարձր պահելու, նրան դուր գալու ինչ-որ երեւույթ է սա: Ես չեմ կարծում, որ դա հատուկ նպատակով է արվել, որ հասնի մեր թշնամիներին»: Վահրամ Բաղդասարյանը սրտնեղում է՝ Սեյրան Օհանյանին խնդրում են անկեղծ լինի, իսկ ապա՝ հիասթափեցնում նրան: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը այս առիթով դժգոհությունը ներկայացրել է իրենց նիստի ժամանակ։