Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դավիթ Մինասյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը 12.00-ին (տեսանյութ)

5 ժամից ավել տեւած դատական նիստից հետո 18-ամյա Դավիթ Մինասյանի վերաբերյալ որոշումը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կհրապարակի ժամը 12.00-ին:

Այս մասին տեղեկացրեց նրա պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը: Դավիթ Մինասյանին կրկին տեղափոխել են ՁՊՎ: Նախաքննական մարմինը միջնորդել էր նրան կալանավորել 2 ամսով։

Հիշեցնենք, որ կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ էր տեղի ունեցել։

Այն պահին, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, Դավիթ Մինասյանը նախ ընդդիմացավ, ապա փորձեց ձեռքով հարվածել վարչապետին։ Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։ Միջադեպի մյուս մասնակիցները՝ Դավիթ Մինասյանի եղբայր Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանն ազատ են արձակվել։ Վերջինի նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամ գրավ ու բացակայելու արգելք, իսկ Միքայել Մինասյանի նկատմամբ՝ միայն բացակայելու արգելք։ Նա մեղադրվում է այդ գործողություններին աջակցելու համար, իսկ Գեւորգ Գեւորգյանն այդ ամենը կազմակերպելու համար։