Ֆոտոթակարդները երկրորդ ընձառյուծն են արձանագրել «Գնդասարում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԶանգակատուն գյուղի «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում ֆոտոթակարդները հոկտեմբերի 9-ին և 13-ին արձանագրել են նոր ընձառյուծի։ 2025 թվականից ի վեր սա տարածքում գրանցված արդեն երկրորդ ընձառյուծն է։ Ընձառյուծին անվանել են Աղասի՝ ի պատիվ տարածքի խնամակալ Աղասիի, որի տեղադրած ֆոտոթակարդներն արձանագրել են կենդանուն և ով տարածքի պահպանության աշխատանքներում ներգրավված է դրա հիմնադրման՝ 2018 թվականից ի վեր։ Այս արդյունքները համայնքահեն բնապահպանության կարևորության ևս մեկ վկայություն են։ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքը ստեղծվել է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» (ECF) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է WWF-Հայաստանի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ) կողմից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ՝ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով։