Մենք ճանաչեցինք ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, երբ ՌԴ ղեկավարությունը 2 անգամ հրապարակային հայտարարեց այդ մասին․ Փաշինյանը՝ Պուտինին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը․
«Նախևառաջ շնորհակալություն հրավերի և ջերմ ընդունելության համար։ Մենք, իհարկե, վերջերս հանդիպում ունեցանք Սանկտ Պետերբուրգում և անցկացրինք շատ հաջող բանակցություններ։ Սակայն մեր հարաբերություններն այնքան հագեցած են, որ նման հաճախակի հանդիպումների կարիք կա, և բարձր մակարդակով միշտ կա քննարկելու բան։
Իհարկե, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները շատ խորն են, շատ կարևոր են մեզ համար, և, իմ կարծիքով, դրանք դինամիկ կերպով զարգանում են մեր տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջապես հաստատվել է խաղաղություն։ Եվ կարծում եմ, որ դա դրականորեն է անդրադառնում նաև Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների վրա, որովհետև մեր անկախության սկզբից ի վեր առաջին անգամ ունենք երկաթուղային կապ Ռուսաստանի Դաշնության հետ, և մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղով Ռուսաստանից ներմուծում ենք իրականացնում։ Հուսով եմ՝ մոտ ապագայում նաև արտահանում կիրականացնենք։ Եվ սա, իհարկե, ամրապնդում է մեր ավանդական տնտեսական կապերը և ամրապնդում է մեր կապերը Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա, իհարկե, մենք գիտենք, որ սկզբունքորեն երկու միավորումների անդամակցությունն անհամատեղելի է, սակայն այն, ինչ մենք անում ենք, և այն օրակարգը, որը մենք ունենք, առնվազն այս պահին համատեղելի են։ Սա փաստ է։ Եվ քանի դեռ կա այդ օրակարգերը համատեղելու հնարավորություն, մենք կշարունակենք դրանք համատեղել։ Իսկ երբ գործընթացները կհասնեն այն կետին, երբ անհրաժեշտ կլինի որևէ որոշում ընդունել, ես վստահ եմ, որ մենք՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, կընդունենք այդ որոշումը։
Իհարկե, այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, որովհետև, ինչպես արդեն նշել եմ, այս կապերն ու հարաբերությունները շատ խորն են և քննարկման ենթակա չեն։
Իհարկե, մենք համագործակցում ենք նաև էներգետիկայի ոլորտում, և այստեղ նույնպես ունենք ավանդաբար ուժեղ կապեր և համագործակցություն։ Պետք է ասեմ, որ մենք այժմ շատ սերտ աշխատում ենք ռուսական կողմի հետ՝ նոր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար, նկատի ունեմ էներգետիկայի նոր տեխնոլոգիաները, որովհետև Հայաստանում շատ լավ են զարգանում էներգետիկայի նոր տեխնոլոգիաները՝ արևային էներգետիկան և այլն։
Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության հետ մենք քննարկում ենք նաև նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը։ Այս հարցերում մենք լիովին թափանցիկ ենք, որովհետև չենք թաքցնում, որ այս հարցերը քննարկում ենք ոչ միայն ռուսաստանյան գործընկերների, այլ նաև այլ գործընկերների հետ, որովհետև փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը։
Ինչպես արդեն ասացի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, և Դուք հիշատակեցիք նախագահ Թրամփի անունը, և ակնհայտ է, որ նա իր ներդրումն է ունեցել այս գործընթացում, սակայն ակնհայտ է նաև, որ Դուք անձամբ նույնպես խաղացել և շարունակում եք խաղալ առանցքային, շատ կարևոր դեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս բոլոր գործընթացներում Դուք միշտ աջակցել եք, մենք մշտապես եղել ենք սերտ կապի մեջ, ես պարբերաբար տեղեկացրել եմ Ձեզ, թե ինչ գործընթացներ են ընթանում։ Եվ, ի դեպ, անցյալ տարվա օգոստոսին, երբ ես վերադարձա Վաշինգտոնից և զանգահարեցի Ձեզ, ես այն ժամանակ ասում էի, որ այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, նաև մեր հարաբերությունների համար նոր հնարավորություններ է բացում։
Եվ այժմ դա փաստ է՝ ես արդեն հիշատակեցի Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապը։ Մենք այս թեմայի վրա աշխատել ենք տասնամյակներ, բայց, ցավոք, երբեք չի հաջողվել հասնել նման որոշման։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հետ կապված հարցերին, ես արդեն շատ թափանցիկ և հրապարակայնորեն հայտարարել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն, և Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին։
Կարծում եմ, որ սա բավական ամուր հիմք է խաղաղության հետագա զարգացման համար։ Եվ, իհարկե, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ այն աջակցության համար, որը ես միշտ զգացել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։ Ղարաբաղի հարցով մենք բազմիցս ենք դա քննարկել, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, և Դուք հիշում եք՝ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Եվ մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ նույնպես երբեք չենք թաքցրել, որովհետև 2022 թվականին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն։
Ինչ վերաբերում է մեր ներքաղաքական գործընթացներին, Դուք գիտեք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ գրեթե մշտապես առկա են քաղաքական գործընթացներ, և դա մեզ համար արդեն սովորական երևույթ է։ Փաստացիորեն տարին երկու անգամ մեզ մոտ անցկացվում են համայնքային ընտրություններ, որոնք նույնպես շատ քաղաքականացված են, որովհետև մեր քաղաքական բարեփոխումների արդյունքում այնտեղ ևս մարդիկ քվեարկում են քաղաքական կուսակցությունների օգտին կամ դեմ։ Ուզում եմ ասել, որ մեզ մոտ կան քաղաքացիներ, որոնք կարծում են, թե Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը։ Բայց սա մեզ համար սկզբունքային հարց է։ Մեզ մոտ, օրինակ, սոցիալական ցանցերը 100%-ով ազատ են, ընդհանրապես որևէ սահմանափակում չկա, և շատ քաղաքացիներ կարծում են, որ դա չափից շատ է։
Եվ ընդհանուր համատեքստում, անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան։ Եվ ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ, օրինակ, մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Սրանք պատգամավորների ընտրություններ են, և դե ֆակտո նաև վարչապետի ընտրություններ են։ Եվ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն՝ ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա։
Եվ ես 100%-ով վստահ եմ՝ Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները և մեր անձնական հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով։ Եվ ես շատ ուրախ եմ և ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այն վստահության մթնոլորտի համար, որը ստեղծել եք առաջին հերթին Դուք, որովհետև եթե Դուք չցանկանայիք, որ մեր միջև լինեն նման բաց և վստահելի հարաբերություններ, կարծում եմ՝ ակնհայտ է, որ ես չէի կարողանա դա անել։ Եվ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ։
Եվ ես վստահ եմ, որ մեր առաջիկա ընտրությունների արդյունքում Հայաստանում ժողովրդավարությունը և ժողովրդի իշխանությունն էլ ավելի կամրապնդվեն, և մեր հարաբերությունները նույնպես, և ընտրությունների արդյունքներով դրանք կշարունակեն դինամիկ զարգանալ։ Իհարկե, ես արդեն ասել եմ, որ մեր օրակարգը շատ հագեցած է, սակայն կան նաև բազմաթիվ հնարավորություններ, որոնք դեռ չեն օգտագործվել։ Ես վստահ եմ, որ մեր երկխոսության արդյունքում այդ հնարավորությունները կօգտագործվեն։ Շնորհակալություն»։