Բացել լրահոսը Փակել լրահոսը
Nikol-Pashinyan-Zayed
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Փաշինյանի ստացած մրցանակից հետո վարչապետի աշխատակազմն առանձին հաշիվ կբացի

ՀՀ վարչապետի աշխատակազմը իրավունք կունենա ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել իր անունով առանձին հաշիվ։ Նախագծի հիմքում «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխության շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած 500,000.00 ԱՄՆ դոլար մրցանակի տնօրինման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է։

Վարչապետ  Փաշինյանը այս մրցանակին արժանացել էր այս տարվա հունվար ամսին։

Շեյխ Զայեդ հիմնադրամի պաշտոնական կայքի համաձայն՝ մրցանակը տրվել է տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելուն ուղղված ջանքերի և «խաղաղության, երկխոսության ու հարաբերությունների կարգավորման գործընթացի» համար։

Հաշիվը կլինի արտաբյուջետային, ավանդային եւ կվարվի ՀՀ դրամով։ Իսկ հաշվի բացումը նպատակ ունի առանձնացնել որոշակի ծրագրերի կամ միջոցների հոսքերը, ապահովել դրանց ավելի ճկուն կառավարում, բարձրացնել ֆինանսական թափանցիկությունը կամ վերահսկելիությունը։

Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը եւ դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի եւ ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։