Գյումրիի «Շիրակը» երեք դիրքերում խնդիրներ ունի
«Մենք երեք դիրքում ուժեղացման կարիք ունենք: Դրանք են պաշտպանության կենտրոնը, կիսապաշտպանության եզրերը եւ հարձակման գիծը: Առաջին հավաքի ժամանակ փորձարկեցինք աֆրիկացի երեք խաղացողի: Նրանցից մեկը թիմի հետ կմեկնի ԱՄՆ, իսկ մյուս երկուսը կվերադառնան իրենց հայրենիք: Եթե առաջիկայում մեզ չհաջողվի ավելի որակյալ խաղացողներ գտնել այդ դիրքերում, ապա վերը նշված երկու ֆուտբոլիստներին կրկին կհրավիրենք թիմ» - այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած «Արարատ» - «Շիրակ» ստուգողական խաղից հետո «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց գյումրեցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Խոսելով դարպասապահի հետ կապված խնդրի մասին (հիմնական դարպասապահ Գոռ Էյլազյանը հեռացել է թիմից), շիրակցիների գլխավոր մարզիչն ասաց. «Մեզ է միացել «Ալաշկերտի» նախկին դարպասապահ Արմեն Խաչատրյանը: Ճիշտ է, նա վերջերս հիվանդացել էր թոքաբորբով եւ մի քանի օր հիվանդանոցում էր գտնվում, բայց այժմ լիովին առողջ է եւ թիմի հետ կմեկնի ԱՄՆ»: Նշենք, որ «Շիրակը» Լոս Անջելես է մեկնելու հունվարի 24-ին, որտեղ անցկացնելու է կարճատեւ ուսհավաք, իսկ ամսի 30-ին ընկերական խաղում ուժերը չափելու է տեղի «Գելեքսի» թիմի հետ: Վերադառնալուց հետո թիմը մարզումները կշարունակի Գյումրիի ակադեմիայում, իսկ փետրվարի 11-ին կմեկնի Կիպրոս, որտեղ կանցկացնի արտասահմանյան երկրորդ ուսհավաքը, որի ժամանակ նախատեսված է արդեն չորս ընկերական հանդիպում: Գյումրիի «Շիրակը» Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը, մեկ միավորով ետ մնալով «Արարատից»: Թիմի առջեւ դրված խնդիրը մնում է նույնը՝ մրցանակային տեղ զբաղեցնել եւ եվրոգավաթներին մասնակցելու ուղեգիր նվաճել: