Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն ազդել է ընտրությունների վրա»․Կիմո Կիլյունեն (տեսանյութ)

Ֆինլանդացի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով նախկին համազեկուցող Քիմո Կիլյունենը Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է, որ քվեարկությունը, չնայած բարդ արտաքին և ներքին միջավայրին, ընդհանուր առմամբ եղել է ազատ, արդար և տեխնիկապես հաջողված։

«Հայաստանն այժմ հստակորեն ընտրել է եվրոպամետ ուղին։ Դա շատ պարզ երևում է ընտրությունների արդյունքներից, և մենք պետք է ողջունենք այդ ընտրությունը»,– ասել է նա՝ կոչ անելով տարբեր ձևերով շարունակել աջակցությունը Հայաստանին։ ԵԽԽՎ դիտորդական զեկույցում նույնպես նշվում է, որ ընտրողներն ունեցել են քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրություն, իսկ գործընթացը ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված։

Ելույթն ամբողջությամբ

Որպես այս վեհաժողովի Հայաստանի հարցերով նախկին համազեկուցող՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցը կարդացի մեծ հետաքրքրությամբ և նույնիսկ մտահոգությամբ։

Պետք է հիշել, որ դրանք, փաստորեն, Հայաստանի՝ խորհրդարանական ժողովրդավարության անցնելուց հետո առաջին հերթական խորհրդարանական ընտրություններն էին։ Արտաքին և ներքին առումներով միջավայրը հեշտ չէր, ինչի մասին այսօր արդեն խոսել են նաև այլ ելույթ ունեցողներ։

Արտաքին ճնշման տեսանկյունից ակնհայտորեն հիմնական խնդիրը աշխարհաքաղաքական լարվածությունն ու ընտրություններին արտաքին միջամտությունն էին, որոնց մասին այստեղ բազմիցս խոսվել է։ Սակայն դա արտացոլում էր նաև Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետևանքով մարդկանց տեղահանության խնդիրների շուրջ առկա իրադրությունը։

Այս ամենն արտաքին լարվածություն էր ստեղծում, իսկ երկրի ներսում տեղի էին ունենում զանգվածային ցույցեր և կար ներքին բևեռացում՝ թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական առումներով։ Այնուամենայնիվ, ինչպես նշվում է զեկույցում, վերարտադրման՝ ընտրական գործընթացը տեխնիկական առումով հաջողված էր, անցել էր ընդհանուր առմամբ խաղաղ միջավայրում, և ընտրողները իրական այլընտրանքներ ունեին ընտրելու։ Այդ իմաստով կարող ենք ասել, որ ընտրություններն ազատ և արդար էին։

Զեկույցում նշվում են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերաբերող որոշ խնդիրներ։ Ես չէի ասի՝ մանիպուլյացիաներ, սակայն կային իրավիճակների մեկնաբանություններ, որոնք դուք իրավացիորեն արձանագրել եք։ Ակնհայտ էին նաև լրատվամիջոցների և տեղեկատվական դաշտի խնդիրները, կողմնակալությունները, այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով։

Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ կարող ենք տեսնել՝ Հայաստանն այժմ հստակորեն ընտրել է եվրոպամետ ուղին։ Դա շատ պարզ է երևում արդյունքներից, և մենք պետք է ողջունենք այդ ընտրությունը։ Ես անձամբ նաև կցանկանայի ասել, որ պետք է տարբեր ձևերով շարունակենք աջակցել այդ ընտրությանը։

Շատ շնորհակալ եմ շատ, շատ լավ զեկույցի համար։