Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԵԽ-ն պետք է պաշտպանի կրոնական ազատությունը և դատապարտի Հայաստանի կառավարությանը․ Էդվարդ Լին (տեսանյութ)

Սըր Էդվարդ Լի․ Հայաստանի իշխանությունները պետք է հարգեն Հայ առաքելական եկեղեցու ազատությունն ու ինքնավարությունը

Բնականաբար, ես չեզոք եմ Հայաստանի ներքաղաքական հարցերում և, իհարկե, այս բանավեճում արդեն հնչած տեսակետների պես, դատապարտում եմ ցանկացած արտաքին միջամտություն։ Սակայն ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանում կայացած այս ընտրություններին՝ Հայաստանի ներկայիս կառավարության՝ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում։

Այն աշխարհի ամենահին ազգային եկեղեցին է։ Այն բախվում է աննախադեպ սպառնալիքի՝ ոչ թե արտաքին զավթիչի, այլ հենց կառավարության կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ներկայիս վարչակազմը վերացրել է եկեղեցու և պետության միջև եղած բոլոր սահմանները և աննախադեպ արշավ է սկսել եկեղեցու ազատության դեմ։ Եվրոպայի խորհուրդը, նախ և առաջ, պետք է մտահոգվի եկեղեցիների ազատությամբ։

Այն, ինչի ականատեսն ենք, պարզապես քաղաքական անհամաձայնություն չէ։ Դա կրոնական ինքնավարության դեմ հաշվարկված հարձակում է։ Վերջին մեկ տարվա ընթացքում պետությունն ակտիվորեն ներգրավվել է հոգևորականների ապօրինի ձերբակալությունների և կալանավորումների, եկեղեցու աշխատակիցների նկատմամբ հետապնդումների մեջ, կիրառվել է լայնածավալ արտագնա արգելք, իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ենթարկվում է մեծ ճնշման։

Եվ անդրադառնանք հենց ընտրություններին։ Հունիսին կայացած վերջին ընտրությունների ընթացքում Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քաղաքական նախընտրական ծրագրում ամրագրել է եկեղեցու ինքնավարության ոչնչացումը։ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում՝ ընտրությունների ընթացքում, նախընտրական ծրագրում, իշխող կուսակցությունը միտումնավոր հարձակվում է տեղական եկեղեցու՝ աշխարհի ամենահին եկեղեցու վրա։

Խորհրդարանական մեծամասնություն ստանալուց հետո այս արշավն այժմ, այսպես ասած, նոր թափ է ստացել։ Ընդամենը վերջին մի քանի շաբաթում կառավարությունը հրապարակել է պետության պատվերով պատրաստված զեկույց, որը հարձակվում է եկեղեցու կանոնական կառուցվածքի վրա, և սպառնացել է խորհրդարանական քննություն սկսել՝ եկեղեցու կանոնադրությունը հարկադրաբար փոխելու նպատակով։

Պետական մեխանիզմների կիրառումը՝ հնագույն, և ես ընդգծում եմ՝ հնագույն եկեղեցական օրենքները շրջանցելու համար, մարդու իրավունքների և կրոնական ազատության բացահայտ խախտում է։ Հետևաբար, այս ընտրությունները միայն քաղաքական իշխանության մասին չեն։ Եվ, ինչպես ասացի, ես լիովին չեզոք եմ այն հարցում, թե ով է Հայաստանի կառավարությունը։ Դրանք օգտագործվել են որպես արհեստականորեն ձևավորված մանդատ՝ սրբազան հաստատությունը պետության լիակատար վերահսկողության տակ դնելու համար։

Եվ այս կառույցը՝ Եվրոպայի խորհուրդը, առավել քան որևէ մեկը, պետք է պաշտպանի կրոնական ազատությունը և դատապարտի Հայաստանի կառավարությանը։