Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության նիստում հավանություն կտրվի ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի ներդրումային ծրագրին

Հասարակություն
penalty

Ուրբաթ օրը կայանալիք ՀՀ կառավարության հերթական նիստում Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի առաջարկով՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միությանը հողամաս նվիրաբերելու մասին որոշում կկայացվի։ Առաջարկներում ասված է.

  1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող Գյումրի քաղաքի «Մուշ- 2» թաղամասի N 10/5 հասցեում գտնվող 8,0 հեկտար մակերեսով, 64,800,000.0 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հողամասը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միությանը նվիրաբերելուն՝ ֆուտբոլի տարածման և զարգացման համար մարզահամալիր կառուցելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրին համապատասխան:
  2. Առաջարկել Գյումրու քաղաքապետին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված՝ օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միության հաշվին:
Բացի այդ, հավանություն կտրվի «Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա» ներդրումային ծրագրին։ Գյումրիում, Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկու միջազգային կազմակերպությունների՝ ֆուտբոլի համաշխարհային միության՝ ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագիր է: Ներդրումային այս ծրագիրը ներառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում է կառուցվել նաև Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնը՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիան, որը Հայաստանի ազգային հավաքականի, Հայաստանի տարիքային ազգային հավաքական թիմերի, ակումբային ֆուտբոլի, մանկապատանեկան ֆուտբոլի համար ստեղծել է զարգացման լուրջ նախադրյալներ: Ֆուտբոլային ակադեմիաների կառուցումը պայմանավորված է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմամբ, մանկապատանեկան ֆուտբոլում ժամանակակից մարզումային պայմանների ներդրմամբ, առողջ սերնդի ձևավորմամբ: