Մեկնարկեց «Գրական տապան» միջազգային փառատոնը
Որևէ հասարակության մեջ ապրող գրող մերօրյա իրականության մարտահրավերներին ամեն օր պատասխանելու, իր ձայնը լսելի ու հասանելի դարձնելու խնդիր ունի։ Պոեզիա-հասարակություն կապ ստեղծելու , միջազգային ճանաչում ունեցող գրողներին, նաև հայ ընթերցողներին հասանելի դարձնելու համար Երևանում այսօր մեկնարկեց «Խոսքը հանուն կյանքի» խորագրով ամենամյա «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը։ «Այս փառատոնը ևս մեկ բառով կկոչեի երկխոսության փառատոն , որովհետև այն մի հարթակ է, մի համայնքի է վերածվել, որտեղ մասնակիցները կամ պարզապես ընթերցողները կարող են երկխոսելու հնարավորություն ունենալ՝ գրողները միմյանց հետ , ընթերցողը` գրողի հետ։ Սա հնարավորություն է աշխարհը ճանաչելու , սա մի լուսամուտ է, որը գրողը բացելով՝ կարող է աշխարհի մի մասը տեսնել։ Այսինքն, եթե գրողը հնարավորություն չունի այլ երկրները շրջելու , մի փոքրիկ մասնիկ գոնե այդ երկրից կստանա և իր վաղվա ստեղծագործությունը սահմանափակ չի լինի միայն մի երկրի երևույթներով»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝ 2001 թ-ին , երբ առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել, մասնակցել են միայն եվրոպացի գրողներ։ Իսկ այժմ փառատոնին մասնակցում են գրողներ շուրջ 18 երկրներից՝ ԱՄՆ-ից , Չեխիայից, Ռումինիայից, Իսրայելից և մի շարք այլ երկրներից։ Փառատոնը կտևի մինչ սեպտեմբերի 29-ը։