Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ 50, այլ ոչ 100». Հր. Հակոբյանի հորդորը՝ սիրիահայերին աջակցող կազմակերպությանը

Հասարակություն
Hranush-Hakobyan

Սփյուռքի նախարարությունում այսօր Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ էր հրավիրված։ «Վիճակն ավելի է բարդանում Սիրիայում։ Մենք 20.000 դոլար փոխանցել ենք Սիրիայում մեր գլխավոր հյուպատոսի հաշվեհամարին։ Սննդի հարցերն այժմ հոգում է գործարար Վարդան Սերմաքեշը։ Կարևորագույն խնդիրներից մեկը մնում է դպրոցների հարցը։ Գյուլբենկյան դպրոցում 1100 աշակերտ կար, հիմա մնացել է 400»,-իր ելույթում նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա հայտնեց, որ օրերս 13 քոբանցի է տեղափոխվել Հայաստան և կոչ արեց ցանկության դեպքում առաջնահերթ իրենց օգնել։ «Երեք տարում մենք 56 մլն դոլարից ավելի բնակվարձ ենք տրամադրել, 9 մլն՝ բժշկական ծառայության, 3 մլն՝ սննդի, 10 մլն՝ աշխատանքային հարցերի, 7 մլն՝ այլ ծրագրերի համար։ Այս աշխատանքը շարունակվելու է»,-իր զեկույցում հայտնեց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը։ «Սիրիահայերի համար դասընթաց ենք անցկացրել՝ օգնելով ինքնակենսագրականի, գործատուի հետ հանդիպմանը ճիշտ ներկայանալու հարցերում, 50 հոգու համար բիզնես պլան ենք մշակել, և հաջորդ տարի դրամաշնորհ կտրամադրենք»,-նշեց «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության ծրագրի պատասխանատու Սիրանուշ Վարդանյանը։ Նա նաև հայտնեց, որ թիվ 71 և 114 դպրոցներում սիրիահայ աշակերտների համար հայերենի արտաժամյա դասընթացներ են իրականացնում, 50 երեխա խմբակներ է հաճախում, բայց այդ ծրագիրը մինչև տարեվերջ է լինելու։ Նախարարն այս զեկույցի ավարտին հակադարձեց. «50 թիվը ձեզ համար դոմինանտ է դարձել կարծես, ինչո՞ւ 50, այլ ոչ 100։ Կարող եք ավելի շատ ֆինանսներ տրամադրել»։ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանն իր հերթին տեղեկացրեց, որ նախորդ տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել 60 սիրիահայի։ «Հրատարակել ենք նաև ձեռնարկ, որից կարող են օգտվել մեր սիրիահայ հայրենակիցները։ Այն հայերեն, անգլերեն, արաբերեն լեզուներով է։ Շուտով կվերատպվի»,-նշեց նա։ Ի դեպ, Նախարարության միջին չափի սենյակներից մեկում մոտ 30 տարբեր նախարարությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ էին հավաքված։ Նրանք մի կերպ կարողացան տեղավորվել սեղանի շուրջ և դրանից ավելի հեռու։ Իսկ լրագրողների համար, փաստացի, տեղ նախատեսված չէր և մի քանի րոպե ուշ եկողները ստիպված էին սենյակի դռան մոտ, ոտքի վրա կանգնել։ Նախարարության աշխատակազմի ղեկավարը փորձեց պարզաբանել, որ եթե շենքի 9-րդ հարկում կազմակերպեին նիստը, ապա պետք է գումար վճարեին։ Զեկուցողները մեկ ոտքի տեղ ունեցող տարածքով գնում էին ամբիոնի մոտ՝ ներկայացնելու իրենց կատարած աշխատանքը, ծախսած գումարները։ Նախքան նիստի մեկնարկը ժամանող հյուրերը փորձում էին տեղ գտնել փոքրիկ սրահում։ Նրանցից մեկն անգամ չկարողացավ թաքցնել զայրույթը և ներկաներից մեկի հետ զրույցում վրդովված ասաց. «Փող ուզելուց մեզնից են ուզում, բայց պիտի պատի տակ նստենք»։