Սիրիահայի ակումբում հստակ կանոններ կան (տեսանյութ)
3 տարի առաջ Լաթաքիայից Երեւան տեղափոխված Շանթ Քոչյանը հասցրել է ճանաչում ձեռք բերել`որպես DJ Շանթ։ Նա մենեջմենթ է ուսանել, սակայն աշխատավարձի ցածր լինելու պատճառով Երեւանում հրաժարվել է իր մասնագիտությամբ աշխատելուց։ Ուստի սկսել է ակումբներում նվագել. «Կամաց-կամաց սկսեցի Երեւանը ճանաչել, մթնոլորտը, ինչ երաժշտություն են սիրում»,-ասում է Շանթ Քոչյանը։ Երեք ամիս առաջ է սկսել սեփական բիզնես: Ասում է՝ համբերություն է պետք, հեշտ չի հասել դրան: Վեց մետր գետնի տակ գտնվող «Պապարացի» ակումբում հստակ կանոններ կան. «Ով որ հարցեր կստեղծի՝ փակ է իրենց համար մուտքը. աղջիկ լինի, թե տղա»։ Ներսում սպասում է պապարացին, միայն թե պետք չէ ամաչել. Գաղտնի նկարահանումներ չեն լինի. «Մեր պապարացին քաղաքավարի է, կհարցնի ՝կուզե՞ք նկարվել եւ դրա հիման վրա կնկարի»։ Ասում է՝ եղանակից է կախված՝ քանի հաճախորդ կունենա. «Եթե անձրեւ լինի այդ օրը, ապա ժողովուրդը տխուր վիճակի մեջ է։ Նորություն էր դա։ Օդից ես հասկանում եմ՝ ուրբաթ-շաբաթ ինչքան մարդ կգա»։ Խմիչքներից լավ գլուխ հանող, սիրիահայ Հակոբ Խալոյանը մեկ տարի է, ինչ Երեւանում է: Մասնագիտությամբ եւս չի կարողանում աշխատանք գտնել, ուստի ակումբում է աշխատում. «Այստեղ շատ լավ չի արծաթի կամ ոսկու գործը։ Ուզենք-չուզենք պիտի երկու գործ անենք, որ կարողանանք գոնե տան վարձ հանենք»,-ասում է Հակոբ Խալոյանը։ Ակումբասերներին չձանձրացնելու համար պարտադիր են նոր խմիչքները, լավ երաժշտությունն ու միջոցառումները: Շանթը բացատրում է, թե ինչու է Երեւանում ակումբների կյանքը, որպես կանոն, կարճ տեւում. «Սկիզբը զորավոր կսկսեն ամեն ակումբները, հետո՝ մի քանի ամիս վերջ, որակը սկսում է վատանալ։ Բայց երբ նույն որակն ես տալիս ու սկսում ես քիչ էլ ավելին տալ, ժողովուրդը արդեն գիտի, որ մարդիկ աշխատում են այստեղ»։ Շանթն ասում է՝ նույնիսկ սեփական բիզնեսի դեպքում Հայաստանում այնքան էլ հեշտ չէ տուն պահելը։ Դրա համար էլ չի հրաժարվում, երբ ժամանակ առ ժամանակ հրավիրում են տարբեր հանդիսությունների՝ երաժշտական մասն ապահովելու։