Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զոհված զինծառայողների գործերը կգնան փակուղի, ինչպես եղավ մարտի 1-ի դեպքում» (տեսանյութ)

Հասարակություն
mayrer-nkar

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմել են պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ խնդրելով միջնորդել ԱԺ-ում մշտական հանձնաժողով ստեղծելու հարցում: Հանձնաժողովը, ըստ նրանց, պետք է հասնի քրեական գործերի վերաբացմանը: Զոհված զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, նշում է, որ չորեքշաբթի օրն իրենք հանդիպել են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին՝ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման խնդրով: «Պարոն Սահակյանն ասաց, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու դեպքում գործերը կգնան փակուղի և լուծում չի ստանա»: Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն էլ մեջբերում է պարոն Սահակյանի խոսքերը. «Ինքը նշեց, որ ինչպես ստեղծվեց հանձնաժողով 2008-ի Մարտի մեկի գործով և գործը գնաց փակուղի, նույնը, ինձ թվում է, ձեր գործերի հետ կլինի: Այսինքն՝ մարտի մեկի պատվիրատուն, որը ժողովրդին հայտնի է, բայց իրենց անհայտ է, որը հենց իրենք են և պատվիրատուն իրենց կողքն է»: Տիկին Մկրտչյանի խոսքով՝ իրենք գրավոր դիմել են շատ պետական մարմինների, սակայն որևէ առաջընթաց չկա. «Դիմել ենք նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, մենք պահանջում ենք ստեղծել անկախ հանձնաժողով՝ մեր զավակների քրեական գործերը վերանայելու»: Տիկին Սարգսյանի համոզմամբ՝ իրենց զավակների սպանությունները կբացահայտվեն միայն մեկ դեպքում. «Փակ համակարգում սպանությունների բացահայտումը կլինի միայն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով միայն: Իրենք միշտ ասել են, որ այսպիսի սպանությունները չեն բացահայտվելու, որովհետև գեներալներն ու հրամանատարական կազմն է արել սպանությունը»,- հավելեց նա: