Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Գառնիում ցերեկը երկրաշարժ լինի, կանխատեսվում է 110.000 զոհ» (տեսանյութ)

Հասարակություն
a2ec444364bcca576493ed0ede844148

Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի տարածքում գրանցված երկրաշարժը զգացվեց նաև Հայաստանում և Արցախում։ «Նման ուժգնությամբ երկրաշարժ վերջին անգամ գրանցվել է 1999 թվականին և նույն ձևով զգացվել մեր տարածաշրջանում»,-նշեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը։ Էպիկենտրոնում ուժգնությունը եղել է 7 բալ, որին հետևել է 3 հետցնցում՝ 3-5 բալ ուժգնությամբ: Տարածքային առումով ամենամոտը գտնվել է Ստեփանակերտը, որտեղ երկրաշարժը զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ, Կապանում՝ 3, Տավուշի մարզի Չորաթան և Այգեձոր գյուղերում՝ 4-5 բալ, Իջևանում, Նոյեմբերյանում`4 բալ, Ստեփանավանում, Վանաձորում և Երևանում՝ 3 բալ: Պարոն Պետրոսյանը նշեց նաև, որ այս տարվա ընթացքում տարածաշրջանում ևս 9 սեյսմիկ ցնցում է եղել, որոնք Հայաստանի տարածքի վրա ազդեցություն են ունեցել 3-5 բալ ուժգնությամբ: Թեև երկրաշարժի վտանգ միշտ կա, սակայն նա վստահեցրեց. «Հանրապետության տարածքում դիտվում է նորմալ ֆոնային սեյսմիկություն»։ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանն իր հերթին նշեց, որ ներկայումս բնակֆոնդի 40 տոկոսը վտանգի տակ է։ «9 բալ երկրաշարժի դեպքում որևէ շենք ապահովագրված չէ փլուզումից»,-ընդգծեց նա։ Պարոն Խլղաթյանը, սակայն, նշեց, որ կառավարության հետ ծրագիր են մշակել և փորձելու են առաջիկայում ամրացնել բոլոր առաջնային վտանգի ենթակա շինությունները։ «Հսկայական գումարներ են պետք դրա համար։ Սկզբում ուզում ենք դպրոցներն ամրացնել, և կարծում եմ, որ այդպես ճիշտ է։ Հետո կանցնենք շենքերին»։ Ճապոնացի գործընկերների հետ երկրաշարժի տարբեր սցենարներ են մշակել։ «Եթե Գառնիում ցերեկվա ժամին տեղի ունենա երկրաշարժ, կանխատեսվում է 110.000 զոհ։ Թող դա չվախեցնի։ Ուղղակի եթե ճապոնական փորձը լավ տեղակայենք, մենք կլինենք միշտ պատրաստված»։