Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ չեն պատժում Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին (տեսանյութ)

Հասարակություն
virabyan

Ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանը հիշեցնում է, որ 2005 թվականի ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնում իրեն ծեծի է ենթարկել այն ժամանակ Արարատի մարզի ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը, ով այժմ Երևան քաղաքի ոստիկանապետն է: Հայաստանի դատական ատյաններում հաջողության չհասնելուց հետո Վիրաբյանը դիմել է Եվրոպական դատարան, որը 2012 թվականի հոկտեմբերին վճիռ է կայացրել՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը պարտավորեցրել է ՀՀ-ին 31000 եվրո վճարել, որից 25000-ը բարոյական փոխհատուցում, ինչպես նաև նորից քննել քրեական գործը: Հայաստանին տրվել է նաև վեց ամիս ժամանակ՝ այդ վճիռը բողոքարկելու համար, սակայն դա տեղի չի ունեցել: Այժմ Գրիշա Վիրաբյանը կրկին դիմել է Դատախազություն և քրեական գործը վերաբացվել է, որը քննում է Հատուկ Քննչական ծառայությունը: «Ես զարմանում եմ, որ իշխանությունները նախընտրում են ինչ-որ ոստիկանի պատճառով մեծ ֆինանսական միջոցներ վճարել, սակայն չպատժել նրան: Ես ցավ եմ ապրում, որ նրա պատճառով հանդես եմ գալիս իմ պետության դեմ»,- ասում է նա: Ըստ պարոն Վիրաբյանի՝ Եվրադատարանի կայացրած վճիռների դեմ կասկածով է արտահայտվել ոստիկանապետ Վլադիմիր Գսապարյանը. «Նա հայտարարում է, որ Դատարանը Հայաստանի դեմ վճիռները կայացնում է կոռուպցիոն ճանապարհով, սակայն դա հիմնավոր կարծիք չէ: Դա էլ երևի հիմք է, որ Կարապետյանին չեն պատժում»: Գրիշա Վիրաբյանը հայտարարում է, որ վճռական է տրամադրված՝ Աշոտ Կարապետյանին պատասխանատվության ենթարկելուն հասնելու համար. «Հիմա քրեական գործը վերաբացվել է Հայաստանում, ես հույս ունեմ վերջապես հասնել արդարության, հակառակ արդյունքի դեպքում կրկին դիմելու եմ Եվրադատարան»: