Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ-ն նախարարի համար Ամարասի նշանակությունն ունի, Բիշարյանի համար՝ առաջինն է կոռուպցիայով (տեսանյութ)

Հասարակություն
9630a53f917882dfc73553fa134cf153

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր բուռն քննարկման առիթ հանդիսացավ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ԲՀԿ եւ ՕԵԿ ներկայացրած նախագիծը: Համահեղինակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ նախագծով առաջարկում են Ուսանողության օրը նշել նոյեմբերի 17-ին. «Մեր իրականության մեջ ՀՀԿ երիտասարդության կողմից տոնվում է հենց այդ օրը, իշխանությունների մակարդակով եւս ուղերձներ ու միջոցառումներ են իրականացվում: Հիմա ինչի՞ համար օրենքում այդ փոփոխությունը չկատարենք: Ինքնանպատակ առաջարկություն չի եղել մեր կողմից, դա որոշում չի եղել ինչ-որ աշխատասենյակում. մենք հարցումներ ենք արել նաեւ ուսանողների շրջանում, հանդիպել ենք նաեւ վեհափառի հետ»: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ի պատասխան ասաց, որ այսպես թե այնպես դա միջազգային օր է. «Բայց այստեղ նախ եւ առաջ մեր ազգային տոնացույցն է կարեւոր, մեր ազգային տոնացույցով առաջնորդվենք: Մայիսի 16-ը ԵՊՀ հիմնադրման օրն է եւ կառավարությունն առաջարկում է այդ օրը նշել»: ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով՝ վեճի առարկա չպետք է դառնա այս հարցը. «Առանձին ունենալ երիտասարդների ու ուսանողների օր, ճիշտ չէ, քանի որ ուսանողությունը երիտասարդության բաղկացուցիչ մի մասն է: Ճիշտ տարբերակը համախմբվելն է կառավարության ներկայացրած նախագծի շուրջ»: Նախագծի հեղինակներից ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենք դեմ են, որ միջազգային օրվա հետ համընկնի հայ ուսանողի օրը. «Մարտի ութը մեզ համար կանանց համար լավագույն օրն է, երբ մենք ապրիլի յոթը ընտրեցինք, այն այնքան չարմատացավ, որ մոռանանք մարտի ութը: ԵՊՀ հիմնադրման օրը ընտրելով՝ մի տեսակ սահմանափակում ենք առաջ բերում՝ որպես կրթություն ստացողի օր: Չէի ուզենա ասոցացնել այս օրերը, քանի որ երիտասարդության մի մասը չի առնչվում կրթության հետ. մարդիկ կան, որ չգիտեն՝ ինչպես  է անցնում իրենց երիտասարդությունը, քանի որ ընչաքաղցության մեջ են: Ընտրված թվերը լավն են. յոթ թիվը մեր երիտասարդությունը սիրում է»: Վահե Էնֆիաջյանն իր կողմից հավելեց, որ աշխարհի հինգ առաջատար բուհերի մեջ մեր ԵՊՀ-ն չի մտնում: «Թեեւ կոռուպցիայով առաջին տեղում է»,- ակնարկեց Հեղինե Բիշարյանը: «Խնդրում եմ՝ հարգել նիստը վարողի իրավունքը ու թեմայից չշեղվել»,- սրտնեղեց Արտակ Դավթյանը՝ հարց ուղղելով Վահե Էնֆիաջյանին. «Դուք հիշո՞ւմ եք՝ երբ է հիմնադրվել Տաթեւի վանքը»: «Այո, 14-րդ դար»,- հստակ պատասխանեց Վահե Էնֆիաջյանը: «Եկեք 11-րդ դարը նշենք՝ որպես կրթության տոն»,- վրդովված հայտարարեց Արտակ Դավթյանը: Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ, այո, մենք ունենք պարծենալու պատմական փաստեր, սակայն իրենց նախաձեռնությունը շուրջ մեկ տարի հետաձգել են ու առաջարկներ չեն եղել: «Այնպես եք ներկայացնում, որ մի մեծ լավություն եք արել, որ հետաձգել եք»,- արձագանքեց Արտակ Դավթյանը: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր կողմից հայտարարեց, որ նոր օրերի առաջարկության հետ կապված իրենք նախընտրում են առաջնորդվել միայն ազգային ակունքներով. «Կուզենանք, որ ազգային պատմության վրա խարսխված լինեն առանձին օրերը: Նաեւ հոգեբանական ազդակ ուղղենք հասարակությանը, որ որքան էլ միջազգայնականացվում է մեր կրթությունը, իր հիմքում կրում է ազգայինը: ԵՊՀ-ն ես նմանեցնում եմ Ամարասի նշանակության հետ: ԵՊՀ-ն մինչ օրս էլ սիմվոլ է, թող ներեն մյուս բուհերը»: Արմեն Աշոտյանի համբերությունը հատեց. «Ղարաբաղյան հակամարտության բանաձեւը չէ, որ այսքան վիճում ենք»: Վեճը հանգուցալուծվեց հետեւյալ կերպ՝ ԱԺ լիագումար նիստում շարունակվի քննարկումը թե կառավարության, թե ԲՀԿ-ՕԵԿ համահեղինակությամբ ներկայացված նախագծերի շուրջ: