Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվածներին բժիշկ այցելում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում (տեսանյութ)

Հասարակություն
ditordakan-xumb

Ոստիկանության համակարգում ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին նախորդ տարվա ընթացքում չեն տրամադրվել ձերբակալվածների անձնական գործերը։ «Հղում է կատարվում ոստիկանության պետի հաստատած հրամանին»,- ասում է դիտորդական խմբի անդամ եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը։ Ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ Վահրամ Աբրահամյանը հակադարձում է՝ կառավարության որոշմամբ դիտորդները կարող են ծանոթանալ ձերբակալվածների գործերին միայն իրենց համաձայնությամբ։ «Ես շատ խիստ զարմացած եմ սրա վրա, մենք պահպանում ենք իրավական նորմերի պահանջները։ Եթե անձը համաձայնությունը կտա, մենք որեւէ խնդիր չենք առաջացնի։ Եթե եղել են դեպքեր, երբ անձը համաձայնել է, բայց չի տրամադրվել, մենք խստագույնս կպատժենք այդ անձանց իրավական նորմերի պահանջները չկատարելու համար»,-ասաց նա։ Այսօր դիտորդական խումբը ներկայացնում էր նախորդ տարվա իր գործունեությունը։ Ըստ դիտորդական խմբի՝ ոստիկանության կողմից առանց հիմնավորման ՁՊՎ-ների խցերից եւ ՁՊՎ ունեցող ստորաբաժանումների նախասրահներից հանվել են իրենց պաստառները։ Փոխարենը ոստիկանության կողմից փակցվել են նոր պաստառներ, որտեղ շատ փոքր թվերով գրված է նաեւ դիտորդական խմբի հեռախոսահամարը։ Դրանից հետո թեժ գծին զանգերը դադարել են եւ այլ կարծիք է ձեւավորվել։ «Որ դիտորդական խումբը կազմում է ոստիկանության մի մասը։Դիտորդական խումբը ուզում է հասնել նրան, որ քաղաքացիները, ձերբակալվածները իրենց իրավունքների մասին տեղեկացված լինեն»,- ասում է դիտորդական խմբի անդամ Հերմինե Հովհաննիսյանը։ Ոստիկանության համակարգում ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն անդրադարձել է նաեւ խցերի մաքրությանը, սանիտարահիգիենիկ պայմաններին։ Շատ են դեպքերը, երբ խցերում սանիտարահիգիենիկ պայմանները չեն պահպանվել. «Սրբիչներն են կեղտոտ եղել, բուժսենյակներում նույնպես սանիտարահիգիենիկ պայմանները չեն պահպանվել, եղել են դեպքեր, երբ խցերում ծորակը չի աշխատել։, Շատ դեպքերում արձանագրվել են խախտումներ նաեւ սննդի տրամադրման սենյակներում, այնտեղ սպասքը մաքուր չի եղել»,- նշեց դիտորդական խմբի անդամ Լիլիթ Ալեքսանյանը։ Ի դեպ, նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանում գործող մարզային բոլոր ՁՊՎ-ներում արտաքին զննությունն իրականացվում է պատասխանատու ոստիկանի կողմից, միայն խիստ անհրաժեշտության դեպքում հրավիրվում է շտապ օգնություն։