Արդեն տեղադրված հուշարձանը Սանկտ Պետերբուրգը կնվիրի Երեւանին
«Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը Երեւանի ավագանին որպես նվիրատվություն կընդունի ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքից։ Հուշարձանի արժեքը 4 923 955 (չորս միլիոն ինը հարյուր քսաներեք հազար ինը հարյուր հիսունհինգ) դրամ է։ Որոշման նախագիծն ընդգրկված է Երեւանի ավագանու վաղվա նիստում։ Հուշարձանը կառուցվել է Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ ի հիշատակ Լենինգրադի հերոսական սխրագործության եւ ի երախտագիտություն Հայաստանի այն բնակիչների, ովքեր ընդունել են պաշարված քաղաքից տարհանված երեխաներին: Հուշարձանն արդեն տեղադրված է Արաբկիր վարչական շրջանում, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել դեռ այս տարվա ապրիլի 30-ին: Գույքը՝ որպես հիմնական միջոց, հաշվառվելու է Արաբկիր վարչական շրջանի հաշվապահական հաշվեկշռում։ Ի դեպ, Երեւանի ավագանին վաղը որոշում կընդունի ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Վարդանանց փողոց, 2-րդ նրբանցք հ. 4 հասցեում փակցնելու վերաբերյալ։