Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիմվոլիկ տուգանք՝ մանկապարտեզներում թունավորման դեպքերի առիթով (տեսանյութ)

Հասարակություն
b2f9901320c9d569ba53b2a9bbe04ec0

ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է «Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առեւտուր եւ հանրային սննդի ծառայություն իրականացնելիս նշանակել տուգանք պաշտոնատար անձի, կազմակերպչի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով: Փոխնախարարի խոսքերով՝ փոփոխությունները պայմանավորված են մանկապարտեզներում ու դպրոցներում վերջին շրջանում տեղի ունեցած սննդի խախտումներով, թունավորումներով: ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանը նկատեց, որ այս տուգանքը ընդունված էր դեռ 1985թ. եւ այսօր այն արդի չէ. «ԽՍՀՄ ժամանակ դա հսկայական գումար էր կազմում, մինչդեռ այսօր այն սիմվոլիկ է՝ ընդամենը քսան-երեսուն հազար դրամ: Մի տեսակ օրենքը ընդունում ենք ու տուգանքի չափ ենք նշանակում, սակայն սննդի պատասխանատուն մի ամբողջ մանկապարտեզ է թունավորում ու ընդամենը քսան-երեսուն հազար տուգանք է վճարում ու վերջ»: Ռոբերտ Մակարյանը նշեց, որ նվազագույն աշխատավարձի մինչեւ երեք հարյուրապատիկի չափը նշանակվում է գործարաններում, արտադրամասերում, իսկ քանի որ դպրոցներն ու մանկապարտեզները փոքր հիմնարկներ են, դրա համար չենք ուզել, որ վնաս շատ լինի՝ հաշվի առնելով շրջանառության չափերը: Պատգամավորները շեշտեցին՝ քանի որ խոսքը վերաբերում է երեխաների կյանքին, ապա պետք է տուգանքի չափն էլ ավելի մեծ լինի:  Փոխնախարարը դեմ չէր տուգանքի ավելացմանը: Նախագիծը ընդունվեց ու ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ՝ հետագա քննարկման համար: