Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ պայման է դրված եղել Վարդան Պետրոսյանի գործում հաշտության գնալու համար

Հասարակություն
c22949d6110bde7287f90a9274ee9983

Դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործով տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ապատեղեկատվություն համարեց այն, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն է որոշում կայացրել՝ դատապարտյալ դերասանին տեղափոխել բաց ռեժիմ: «Ազատ ռեժիմի գործընթացը դատարանների հետ ընդհանրապես կապ չունի, դա կարգավորվում է օրենքներով: Դա ՔԿՀ-ն է որոշում, ոչ թե դատարանը, որը կապ չունի այս խնդրի հետ: Դատարանն այդ օրն ընդամենը երկրորդ կնիքն է խփում, որ դերասանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Դա սովորական գործընթաց է: Երբ դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ, ՔԿՀ-ն կարող է նման որոշում կայացնել: Ինչի համար եմ խոսում տարածված ապատեղեկատվության մասին, քանի որ այս մեկնաբանությունները կարող են ուղղակի կամ անուղղակի ձեւով ազդել  տուժող կողմի վրա, թեեւ ես միշտ կողմ եմ եղել հաշտության»,- հայտարարեց Ռուբեն Բալոյանը: Մինչդեռ, ըստ նրա, Վարդան Պետրոսյանի դատապաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարում է, թե ինքն է մեղավոր, որ հաշտության չեն գնում. «Նիկոլայ Բաղդասարյանը հաշտության գնալու համար պայման էր դրել իմ առջեւ, որ ես դատարանում հայտարարեմ, որ Վարդան Պետրոսյանը հարբած է եղել:  Այդ առաջարկը ես համարում եմ անբարոյական: Դա մոտեցում չէ: Սա է եղել պատճառը, որ կողմերի մեջ հաշտություն տեղի չի ունեցել: Սակայն ես կարծում եմ, որ Վարդան Պետրոսյանը փաստացի ընդունել է իր մեղքը եւ նրա մեղքը ապացուցված է, քանի որ նրանք չեն դիմել Վերաքննիչ դատարան: Եթե հաշտության եկած լինեինք, դերասանը դեռ նախորդ ամառ կլիներ ազատության մեջ»: Ռուբեն Բալոյանը խոսեց նաեւ թատրոնում աշխատելու այն առաջարկի մասին, որ ստացել է Վարդան Պետրոսյանը. «Դատապարտյալն իրավունք ունի աշխատելու: Այս դեպքում աշխատանքային պայմանագիր է ներկայացվում ՔԿՀ տարածքից դուրս աշխատելու համար: Դա պետք է համապատասխան քննարկման ենթարկվի ու ՔԿՀ կենտրոնական մարմինը պետք է տա իր համաձայնությունը: Տուժող կողմը բողոք ներկայացնելու իրավունք չունի»: