Գարշահոտություն ու վայրենի կրկես՝ Կոմիտասի այգում. ահազանգ (տեսանյութ)
Կենդանապաշտպան կազմակերպությունները մտահոգված են Կոմիտասի այգում ռուսական «Շապիտո» կրկեսի գործունեությամբ։ Բացի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքից, բնապահպանները նաև նկատել են, որ կրկեսը գարշավայրի է վերածվել։ «Զարմանալի է մեզ համար, առնվազն տարօրինակ է, որ էնտեղ Կոմիտասի թանգարանն է կառուցված, շատ բարեկարգ վիճակում է մեր մեծերն են պանթեոնում, և մեր կողքին էդ վայրենի կրկեսն է իր ամբողջ ատրիբուտներով, կենդանիները ծառերին կապված, գարշահոտությամբ, աղբով և կեղտով»,-ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը: Բնապահպանը նաև հայտարարեց, որ մի շարք կենդանապաշտպանների հետ մտադիր են նամակ ուղղել քաղաքապետին՝ հայտնելու իրենց զայրույթը: Տիկին Ադամյանը կոչ է անում հետևել եվրոպական մի շարք երկրների օրինակին և հրաժարվել կրկեսում կենդանիներ վարժեցնելուց՝ մատնանշելով դրա դաժանություններն, ինչպես նաև երեխաների դաստիարակության վրա բացասական ազդեցություն թողնելու հնարավորությունը: Նրա խոսքով, սակայն, հայ հասարակության մեջ կրկեսը, ցավոք, շարունակում է եկամտաբեր բիզնես մնալ: