Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարեկան 960 տոննա շամպինյոն, կախասունկ և պորտոբելլո տեսակի սունկ է արտադրվում

Հասարակություն
sunk

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի պտղատու այգիներ և հետևել է  նորակառույց  ջերմոցային տնտեսությունում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Նախարարը մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ  նախ  մեկնել  է Ալափարս համայնք, որտեղ եղել է Սերգեյ Գրիգորյանի կողմից 5 հեկտարի վրա հիմնված ազնվամորու այգում, որից 2 հեկտարը մշակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ։ Ընկերության տնօրենի խոսքով` այգում մեկ հեկտարի բերքատվությունը կազմում է 4-5 տոննա բերք, արտադրանքն իրացվում է հիմնականում «Թամարա ֆրուտ» ընկերության կողմից, ինչպես նաև ներքին շուկայում: Նախարարն իր հերթին նպատակահարմար է համարել հնարավորության դեպքում տեղում կազմակերպել նաև պատրաստի արտադրանքի փաթեթավորման գործընթացը, իսկ կարկտահարություններից խուսափելու համար տեղադրել հակակարկտային ցանցեր: Նախարարն այնուհետև այցելել է  Նոր Գեղի համայնքի 20 հեկտարի վրա հիմնված  խնձորի այգիներ, որոնց մշակումն իրականացվում է 5 սեփանկանատերերի կողմից ստեղծված կոոպերատիվի կողմից: Կոոպերատիվի անդամ Սաշա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այգում մշակվում է յոթ սորտի խնձոր և սեպտեմբերի վերջին կսկսվի բերքահավաքը, արտադրանքն իրացվում է հանարապետությունում և  ռուսական  շուկայում։ Նախարարը Նոր Գեղի համայնքում եղել է 3.2 հեկտարի վրա կառուցվող ելակի արտադրության ջերմոցային տնտեսությունում: Կենսատեխնոլոգ Արամ Ղևոնդյանի տեղեկացմամբ՝ ելակի սածիլներն  օրերս կներկվեն Հոլանդիայից, ելակի աճեցումը կատարվելու է անհող աճեցման ժամանակակից եղանակով: Այստեղ արտադրվող ելակի իրացումը նախատեսվում է կազմակերպել ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում: Նախարար Սերգո Կարապետյանն ուղևորվել է նաև Աբովյան քաղաքում գործող  եվրոպական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սնկի արտադրության և վերամշակման «Առողջ սունկ» ՍՊԸ: Սնկի արտադրամասում նախարարի շրջայցի ընթացքում ընկերության տնօրեն Արեգ Ազոյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին այստեղ արձանագրվել է պատրաստի հումքի, թարմ սնկի և սնկի պահածոների արտահանման դինամիկ աճ` անցյալ մեկ տարվա ընթացքում հատելով 1 միլիարդ դրամի արտահանման շեմը: Նա նաև հավելել է, որ ընկերությունում արտադրվում են թարմ շամպինյոն, կախասունկ և պորտոբելլո տեսակի սնկեր, տարեկան արտադրության ծավալը կազմում է շուրջ 960 տոննա: Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ 2015 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում զգալի աճ է գրանցվել:     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին