Նախկինում դատապարտված տնօրենին չեն կարողացել արգելել նորից առաջադրվել (տեսանյութ)
«Ազգային երգ-պար դասավանդող դպրոցների թիվը կավելանա՝ 10-ից հասնելով 50-ի»,-այսօր ուսումնական տարվա նախաշեմին հայտնեց Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Ասում է՝ այս և այլ առումով դպրոցներում դրական տեղաշարժ ունենք։ Օլիմպիադաներին մասնակցած և բարձր արդյունքներ արձանագրած երեխաների թիվն ավելացել է։ Ոշադրությունից դուրս չեն նաև սիրիահայ աշակերտները։ «84 դպրոցում 462 սիրիահայ երեխա է սովորում, 35 մանկապարտեզում՝ 103»,-շեշտեց տիկին Սողոմոնյանը, հավելելով, որ վճարովի ծառայությունները նրանց համար անվճար են։ Ինչ վերաբերում է դասագրքերին, Հանրակրթության վարչության պետը շեշտեց. «Մինչև օգոստոսի 31-ը բոլոր գրքերը կբաշխվեն դպրոցներին։ 1-4-րդ դասարանների աշակերտների համար դրանք անվճար են»։ Տիկին Սողոմոնյանը վստահեցնում է, որ այս ուսումնական տարում դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը մտահոգիչ չէ։ «Անցյալ տարի 11.562 առաջին դասարանցի ենք ունեցել, այս տարի՝ 11.234, չհաշված՝ մասնավոր դպրոցները։ Երեխաների ընդունելությունը դեռ շարունակվում է»։ Խոսելով թիվ 125 դպրոցում արձանագրված դեպքից, երբ տնօրենը չէր ընդունել խնդիրներ ունեցող երեխայի, նա նշեց. «Նա 2 ամսվա տնօրեն է։ Մենք ուսումնասիրել ենք այդ դեպքը և պետք է ասեմ, որ նա արտահայտել է դպրոցի մասնագիտական խմբի կարծիքը։ Մենք երևի մի փոքր թերացել ենք, և սա ազդակ է, որպեսզի ավելի ուշադիր լինենք։ Տնօրենը հետո պատրաստ էր ընդունել այդ երեխային, սակայն ծնողը չցանկացավ։ Փոքրիկին ընդունել ենք Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց»։ Այսօր տնօրենի ընտրություն էր թիվ 27 դպրոցում, որտեղ թեկնածուներից մեկը՝ նախկին տնօրենը, դատապարտված է եղել, եւ հիմա նորից ընտրվել է տնօրենի պաշտոնում։ «Ինչպես մի քանի այլ դպրոցներում, այստեղ էլ նշանակվել է ընտրություն։ Մենք չէինք կարող արգելել, այդ իրավունքը չունենք, որ ասենք իրեն՝ մի մասնակցիր տնօրենի ընտրություններին»,- մեկնաբանեց տիկին Սողոմոնյանը։