30-100 տոկոսով գները բարձրացվում են (տեսանյութ)
«Նախորդ տարվա համեմատ թանկացումը կա, և դա պայմանավորված է հիմնականում փոխարժեքի տատանմամբ»,- ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Դպրոցահասակ երեխաների ծնողներն ավելի շատ գումար պետք է ծախսեն՝ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար։ «Մանրածախ առևտրի դեպքում թանկացումն, իհարկե, ավելի շատ է ազդում մարդկանց գրպանի վրա։ Մեծածախ վաճառք իրականացնողներից վաճառողները գնում են էժան, հետո 30-100 տոկոս թանկացնելով՝ տալիս սպառողին»,-շեշտում է նա։ «Միայն դոլար-դրամ վայրիվերումների հետևանքով մարդիկ արդեն 25 տոկոսով ավելի գումար են ծախսում»,-ընդգծում է պարոն Խաչատրյանը։ Եթե մարդիկ կարողանան օգտվել ճիշտ խանութներից, որոշ չափով կշահեն։ «Հիմա կան որոշ խանութներ, որոնք ունեն որոշակի մարքետինգային քաղաքականություն, որով փորձում են գրավել սպառողին»։ Ի դեպ՝ ըստ տնտեսագետի՝ սեպտեմբերից դրամն արժեզրկվելու է։ Իսկ Սպառողների միություն այս տարի, ինչպես և նախորդներին՝ շատ են դիմում գրենական պիտույքների և այլ պարագաների գներից դժգոհող ծնողները։ «Նվազագույն սպառողական զամբյուղն ապահովված չէ։ Մարդիկ խուճապի մեջ են ընկնում»,-շեշտում է միության նախագահ Արմեն Պողոսյանը։ Հիշում է նախորդ տարի եղած դեպքը. «Ես ի՞նչ ասեմ ծնողին, ով օգոստոսի 31-ին գնել էր երկու պայուսակ, որոնք հաջորդ օրը պատռվել էին։ Մենք կարողացանք դրանք ետ վերադարձնել, բայց տոնն արդեն խաթարվեց»։ Պարոն Պողոսյանը շեշտում է, որ բարձր գներն ազդում են մեծամասնության ընտանեկան բյուջեի վրա։ «Երկրում 10-12 տոկոսի համար միևնույն է՝ գները որքան կլինեն, իսկ մեծամասնության համար դա խնդիր է»։ Սպառողների պաշտպանի կարծիքով՝ ճիշտ չի իրականացվում նաև ապրանքների պարտադիր սերտիֆիկացումը։ «Երկիր ներմուծվող ապրանքի դեպքում ամբողջը չէ, որ սերտիֆիկացված է։ Հետո պահեստից վաճառասրահ գալու պահին նոր միայն պարտադիր է սերտիֆիկատի առկայությունը։ Երբ այդ մասին քննարկումը գնում էր նախարարությունում, նախարարն ասաց. Դանիայում այդպես է։ Ես ասացի՝ դրա մասին կխոսենք 30 տարի հետո»,-նշեց պարոն Պողոսյանը