«Պետք է համակարգից մեկը որոշում կայացնի՝ չվախենալով Սերժ Սարգսյանից» (տեսանյութ)
Ցմահ ազատազրկման դատապարտված և արդեն 20 տարուց ավելի բանտում գտնվող Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը վատացել է, և այժմ նա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում։ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, որի դեպքում դատապարտյալն, ըստ օրենքի, ենթակա է պատժի կրումից ազատման։ «Պետք է քաղաքական որոշում կայացվի ցմահների վերաբերյալ, սակայն այդ որոշումը չի կայացվում, պետք է համակարգից մեկն այդ որոշումը կայացնի։ Այսինքն՝ չվախենա Սերժ Սարգսյանից, ասենք՝ պարոն Օսիկյանը (Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը-խմբ.) նման որոշում կայացնի մի դատապարտյալի նկատմամբ՝ ասելով, որ այս մարդը պետք է ազատվի, որովհետև օրենքն այսպիսին է»,- այսօր հայտարարեց «Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Պարոն Բաղդասարյանը, սակայն, այս հարցում լավատես չէ։ Ըստ նրա՝ Հայաստանում երբեւէ չի եղել, որ մի պաշտոնյա համակարգի դեմ դուրս գա. «Եթե այդ պատասխանատու պաշտոններում նշանակված մարդիկ չեն կարողանում օրենքն իրագործելի դարձնել, ուրեմն պետք է հեռանան ու թողնեն պաշտոնը»։