Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավախախտումները կոծկելու համար՝ քրեական գործ փաստաբանի նկատմամբ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Diana-nkar1

Փաստաբան Տիգրան Հայրապետյանին սպառնում է երկու տարվա ազատազրկում կամ տուգանք, եթե  ապացուցվի մեղադրանքը, որը նա   համարում է աբսուրդի ժանրից։ «Դա նույնն է, երբ որ բժիշկը վիրահատություն է իրականացնում, նրան քրեական պատասխանատվության ենթարկեն, որ նա դանակով մարմնական վնասվածք է հասցրել հիվանդին՝ կույրաղիքը հեռացնելու ժամանակ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է Տիգրան Հայրապետյանը։ Փաստաբանի նկատմամբ քրեական գործ է  հարուցվել իր վստահորդներից մեկի՝ Ժուլիետա Ամարիկյանի գործի առնչությամբ։ Հատուկ քննչական  ծառայությունը մեղադրում է նրան «սադրիչ հարցեր» տալու և չափից ավելի միջնորդությունների համար: Այս ամենը 2013թ-ից  է սկսվել։  2 տարի առաջ  սեփականությունը չկիսելու պատճառով՝ 62-ամյա Ժուլիետա Ամարիկյանն ունեցել է տարաձայնություններ եղբոր հետ, որից անմիջապես հետո նրան տարել են Ավանի հոգեբուժարան, որտեղ նա ենթարկվել է  խոշտանգումների։ «Ժուլիետա Ամարիկյանն ասում է՝ կեղտոտ դույլերով են ուտելիք բերում, ոնց կարող եմ ուտել դա, առերեսման ժամանակ է ասում, իսկ հոգեբուժարանի աշխատակիցը ասում ա՝ այո, դույլերը կեղտոտ են, բայց մեջը մաքուր ա, դատախազությունը սրան ընթացք չի տալիս։ Հաստատվել է, որ նա մեկ ամիս շարունակ տախտակի վրա է  քնել, չի ունեցել բարձ, սավան, մաքուր օդի չի գնացել, մեկ ամիս չի լողացել ամռան օրերին»,-պատմում է փաստաբանը։ Փաստաբանի ջանքերով՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի ՝ Ժուլիետա Ամարիկյանին հոգեբուժարանում հարկադրաբար պահելու որոշումը։ Ավելին՝ քրեական գործ է հարուցվել Ժուլիետա Ամարիկյանի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի և նրան հարկադրաբար բուժման ենթարկելու համար։ Բացահայտվել են մի շարք խախտումներ, բայց հատուկ քննչական ծառայությունը որոշել է գործի ընթացքը տանել այլ ուղղությամբ։ Փաստաբանական համայնքը Տիգրան Հայրապետյանի դեմ քրեական գործի հարուցումը որակել է հետապնդում մասնագիտական գործունեության նկատմամբ: Փաստաբանների պալատը հետամուտ կլինի իր գործընկերոջ շահերի պաշտպանությանը՝ օրենքով չարգելված  բոլոր տարբերակներով։ Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Կարեն Մեժլումյանն այս կապակցությամբ շեշտում է. «Սա միայն Տիգրան Հայրապետյանի գործը չի, սա ոտնձգություն է փաստաբանական ինստիտուտի, փաստաբանության նկատմամբ և հակաիրավական ոտնձգություն է իմ գնահատմամբ, որի դեմը պետք է առնել, իսկ ոտնձգություն իրականացնողներն էլ՝ պատժվեն»։   Մանրամասները՝ տեսանյութում։