Երկու շաբաթ ԴԱՀԿ-ի գերին. քաղաքացու նամակ
Խմբագրությունը ստացել է նամակ քաղաքացուց Իսկ դուք վստա՞հ եք, որ մուծել եք մեկ տարի առաջ ձեզ տուգանած ՃՈ տուգանքը: Ես ամենայն լրջությամբ սկսեցի մտածել այս հարցի շուրջ, երբ պարզ դարձավ, որ ես չեմ կարող կանխիկացնել իմ քարտի վրայի գումարը: Դուք կզարմանաք , իսկ ինչ կապ կա ՃՈ տուգանքի և իմ քարտի միջև, ես կպատասխանեմ՝ ամենաանմիջական: Սկզբում պարզվեց, որ քարտը ամբողջովին արգելափակված է ԴԱՀԿ-ի կողմից: Ես այս շատ արժեքավոր տեղեկությունը ստացա բանկի մի շատ անբարեհամբույր աշխատակցուհուց, ավելի շուտ 4 աշխատակիցներից (քանի որ սկզբում ես գնացի բանկ, պարզելու՝ ինչի համար իմ քարտը չի կանխիկացնում ոչ մի բանկոմատ, նա ինձ մատնանշեց մեկ այլ աշխատակցի: Նույն խնդիրը երկրորդ անգամ ներկայացնելուց հետո վերջինս ինձ խորհուրդ տվեց զանգահարել քարտերի բաժին: Այսպիսով ես հայտնվեցի 3-րդ աշխատակցի «իշխանության ներքո»: Նա ինձ ուղղակի ապշեցրեց՝ ասելով, որ իմ հաշիվը արգելափակված է ԴԱՀԿ-ի կողմից, ապշեցրեց, քանի որ ես շատ պարտաճանաչ հարկատու եմ, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ թե ինչի համար են արգելափակել իմ հաշիվը 3-րդ աշխատակիցը չգիտեր, բայց նա ինձ տվեց 4-րդ աշխատակցի համարը, որը գիտեր: Երբ ես զանգեցի և ամենայն համբերատարությամբ 4-րդ անգամ ներկայացրեցի իմ խնդիրը, «իմ 4-րդ բարեկամը», պարզվեց, գաղափար չունի պատճառների մասին, բայց հույս տվեց ինձ՝ խորհուրդ տալով զանգահարել ԴԱՀԿ): Եվ այսպիսով իմ ոդիսականը ԴԱՀԿ-ում սկսվեց: Սկզբից զանգեցի թեժ գիծ, այնտեղից իմացա , որ ուղիղ մեկ տարի առաջ տուգանվել էի ՃՈ կողմից 5.000 դրամով, որ այս տարվա ընթացքում այդ գումարը դարձել է 11.000 դրամ և ԴԱՀԿ-ն արգելափակել է իմ հաշիվը: Այստեղից ծագում են մի շարք հարցեր, ըստ իս առավել քան տրամաբանական, և մեկ ուրախալի փաստ: Նախ սկզբից անդրադառնամ հարցերին՝ 1. Ինչպե՞ս ես պիտի իմանայի, որ պարտք ունեմ, այն էլ մեկ տարի առաջ տեղի ունեցած, եթե ես ոչ մի նամակ չեմ ստացել ԴԱՀԿ-ից: 2.Ինչո՞ւ է ԴԱՀԿ-ն նամակ ուղարկում (նամակ, որը ես այդպես էլ առայսօր չեմ ստացել և որի գոյության մասին ես իմացա ԴԱՀԿ թեժ գծից) արդեն կատարված փաստի առիթով և ոչ թե նախազգուշական, իսկ եթե պատահաբար ես՝ տուգանվածս, մահացած լիներ և այդ «արդարացի պատճառաբանությամբ» տուգանքս մուծած չլինեի, իսկ եթե ես հիվանդանոցում լինեի կամ արտասահմանում կամ, ասենք, պարզապես մոռացած լինեի կամ, ախր նման բաներ էլ են կատարվում աշխարհում, ժամանակին մուծած լինեի այն: Մի՞թե տրամաբանական չի, որ ասենք ինձ գար նամակ, որտեղ գրված կլիներ՝ հարգելի այսինչ այսինչյան, դուք պարտք ունեք ԴԱՀԿ-ին այս-այս համարի հիման վրա, ձեզ տրվում է այսքան ժամանակ ձեր պարտքերը մարելու համար՝ հակառակ դեպքում ձեր հաշվեհամարը կարգելափակվի ու վերջ: Մի՞թե սա այդքան բարդ գործողություն է մեր դարում: Հիմա ուրախալի փաստը՝ պարզվեց որ բանկը իրավունք չուներ արգելափակել իմ հաշվեհամարի վրա գտնվող ամբողջ գումարը, նա պետք է ընդամենը կալանք դներ այդ չարաբաստիկ 11.000-ի վրա: Սա , ինչպես հետագայում պարզվեց, բանկի «խիստ մասնագիտական մոտեցման» արգասիքն էր: Բանկը իմ վրդովված հեռախոսազանգին պատասխանեց. « Լավ, դե կբացենք ուրեմն, եթե այդպես է»: Ու բացեցին, ես շատ ուրախացա, որ հասարակ քաղաքացուս այսքան պրոֆեսիոնալ ծառայություն են մատուցում բանկում: Բանկի հետ իմ հանդիպումը այսքանով ավարտվեց բայց առջևում դեռ ինձ էին սպասում «հաճելի» հանդիպումներ ԴԱՀԿ-ի և փոստի հետ: Սկսեմ ԴԱՀԿ-ից. Քանի որ ես , ինչպես վերը նշեցի, պարտաճանաչ եմ որպես հարկատու, ես սկսեցի փնտրել իմ մուծած բոլոր կտրոնների մեջ (ցավոք սրտի ես նախկինում ունեի մի տխուր դեպք, որին հիմա չեմ անդրադառնա) և իհարկե գտա այդ կտրոնը մուծված 1 տարի առաջ: Բայց պատկերացնում եք, ով մարդիկ, եթե ես հանկարծ դեն նետեի մեկ տարի առաջ ստացած և նույն ժամանակ մուծված կտրոնը, դա կլիներ իսկական աղետ: Այսպիսով, ես ուրախ զանգահարում եմ ԴԱՀԿ և ներկայացնում իրավիճակը, ախր դուք անհիմն եք իմ հաշիվը արգելափակել: Ես՝ միամիտս, կարծում էի, որ այսքանով իմ արկածները կարելի է ավարտված համարել: Բայց, ավաղ, հետագա իմ հեռախոսային խոսակցությունները ցույց տվեցին, որ ես պետք է գնամ ԴԱՀԿ, այնտեղ գրեմ դիմում, ապա այդ դիմումը պետք է հասնի ոստիկանություն և արգելանքը կհանվի:Ասեմ նաև , որ ես ունեմ աշխատանք և այդքան անորոշ ժամանակով թողնել այն, պարզապես անպատասխանատու է, բացի այդ, ես ինքս պետք է հոգայի ճանապարհային ծախսերս, չհաշված իմ բարոյական իրավիճակը: Բայց ես չընկճվեցի: Ես՝ որպես պրակտիկ անձնավորություն որոշեցի նախ գնալ ոստիկանություն, այնտեղ թողնել վճարված կտրոնը, ապա գնալ ԴԱՀԿ, որպեսզի արագացնեմ այս ամբողջ գործընթացը: Իմ ծրագիրը, մեղմ ասած, չաշխատեց, պարզվեց որ «կարգն այդպես չի»: Ոստիկանություն իմ ճամփորդությունը ուներ մեկ դրական կողմ, այստեղ ես իմացա, որ նախ պիտի գնայի փոստ, որտեղ կատարել էի իմ տուգանքի մուծումը, հետո նրանք պետք է պաշտոնական նամակ ուղարկեին կենտրոնական փոստային բաժանմունք, ապա պիտի գնայի Սարյան փողոց այնտեղից վերցնեի տեղեկանք, որը կվկայեր փոստային «ևս մի կոմպետենտ» աշխատակցի սխալվելու մասին: Սխալը փոստային աշխատակցի ձևակերպման մեջ էր՝ պետք էր նշել ոչ թե ԱՊՊԱ տուգանք , այլ ՃՈ տուգանք, (բայց ես այդպես էլ չհասկացա , նույնիսկ սխալ պատճառ նշելով, ինչու էր ոստիկանությունը ընդունել իմ գումարը, ախր այդ պահին ես ոչ մի ԱՊՊԱ տուգանք չունեի, ինչու ինձ չվերադարձվեց այդ գումարը, այն պատճառաբանությամբ , որ ես ոչ մի ԱՊՊԱ տուգանք չունեի, գուցե՞ հնարավոր կլիներ կանխել իմ հետագա արկածները ): Ես մի փոքր շեղվեցի, այսպիսով գնալ Սարյան փողոց, այնտեղից վերցնել տեղեկանքը, հետո ուղևորվել ԴԱՀԿ և արդեն տեղում այս բոլոր անհերքելի ապացույցներս ներկայացնել: Ասել , որ քաղաքի կետրոնում գտնվող փոստից դեպի Սարյան գլխամաս իմ նամակը հասավ 2-3 օրում, որ ես ունեցա բազում «հաճելի հեռախոսազանգեր»՝ խնդրելով արագացնել այդ չնչին տեղեկանքի տրամադրումը, ավելորդ կլինի: Բայց, վերջ ի վերջո, ինձ մեծ դժվարությամբ, սակայն, հաջողվեց ստանալ ամենափրկիչ տեղեկանքը: Այսպիսով, օ ամենփրկիչ ԴԱՀԿ դու ստացար իմ անհերքելի ապացույցները և ինչ....ես ազատվա՞ծ եմ այս անվերջանալի պատմությունից, իհարկե ոչ: Արդեն 4-րդ օրն է ԴԱՀԿ-ի 1-ին հարկից 3-րդ հարկ չի կարողանում հասնել իմ դիմումը, բոլորը խիստ զբաղված են, բոլորը նեղսրտում են իմ վրդովված տոնից, երբ ես նորից ու նորից զանգահարում եմ ԴԱՀԿ ու գոնե այս անգամ ակնկալում պատասխան: Այսօր, կարծում եմ, իմ Ոդիսականի վերջին օրն է, (ո՞վ իմանա, ինչ նոր արկածների մեջ ես դեռ կընկնեմ), ես վերջապես իմացա, որ կալանքը հանվել է երեկ, բայց բանկը դեռևս դա չի տեսնում , երբ տվյալները թարմացնի, ապա կտեսնի և կկարողանամ տնօրինել իմ սեփական գումարը: Այստեղին տրամաբանական հարց, ինչո՞ւ ես պիտի վճարեմ փոստային աշխատողի անփութության, բանկի աշխատակիցների «պրոֆեսիոնալ աշխատանքի» , ԴԱՀԿ-ի՝ առանց իրազեկելու տուգանելու և ոստիկանության՝ տուգանքը անհիմն ընդունելու համար: Ես կարծում եմ որ մեր երկիրը երկիր է, բայց ամեն մի քաղաքացի, լինի դա հավաքարար, վաճառող, ոստիկան թե փոստի աշխատակից և նախ և առաջ ԵՍ ուղղակի պետք է ամենայն պատասխանատվությամբ կատարի իր աշխատանքային պարտականությունները և եթե անգամ սխալվել է, ապա ինքը կրի պատասխանատվություն և ոչ թե նա, ով եղել է իր սխալի զոհը: Կարծում եք ես սխալվո՞ւմ եմ: