14 հոգանոց եզդի ընտանիքը սարսափով է վերհիշում Իրաքը (տեսանյութ)
Փիրա Ռաշանի 14 հոգանոց ընտանիքը Իրաքից Հայաստան տեղափոխելու որոշում է կայացրել՝ փրկության այլընտրանք չգտնելով: Եզդի ընտանիքները ժամանակավորապես հաստատվել են Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ Մեծ ընտանիքի մի մասին սակայն, հաջողվել է տեղափոխվել Հայաստան, մյուսները դեռ հակամարտության գոտում են։ «65 տարի այնտեղ ապրելով մենք, կարելի է ասել, լավ օր չենք ունեցել միշտ պատերազմներ են եղել, ճնշումներ են եղել եզդի համայնքի նկատմամբ։ Մենք, ստիպված թողնելով մեր ամեն ինչն այնտեղ, եկել ենք խաղաղ կյանքով ապրելու»,-ասում է ընտանիքի ամենատարեց անդամ Ռաշան Համն Կհարիֆը։ Ընտանիքը սարսափով է վերհիշում Իրաքում անցկացրած վերջին օրերը։ 9 օր լեռներում են անցկացրել։ «Ճամբարն այպես էր տեղակայված, որ անընդհատ կրակոցներ էին լսվում չորս կողմից և մեր երեխաներն ահավոր վախենում էին մեր ուղղությամբ հնչող կրակոցների ձայներից»,- ասում է 55-ամյա Խաթուն Խասիմը, ով կյանքում առաջին անգամ է լքել Իրաքը ։ Հայաստանում նոր հաստատված իր ազգակիցներին տեղի եզդիական համայնքը միայնակ չի թողել։ Նպարեղեն, պահածոներ, տնտեսական միջոցներ. ասում են՝ բերել են ով ինչ կարողացել է։ Բացի Ռաշանի ընտանիքից Արաքսում ևս երկու եզդի ընտանիք է հաստատվել։ Նրանք ևս մինչև այս ամսվա ավրտը կտեղափոխվեն Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերից մեկը, որտեղ նրանց տներ կտրամադրվեն՝ համայնքի աջակցությամբ։