Գառներ ու աքլորներ Երևանում (տեսանյութ)
Սուրբ Աստվածածնի Վերափոխման կամ խաղողօրհներքի տոնին Նորք հասնելը դժվարանում է։ Ընդ որում՝ իրարանցումը սկսվում է տոնին նախորդող գիշերը։ Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքը մարդաշատ է։ Հայաստանի տարբեր բնակավայրերից մարդիկ այստեղ վաճառելու են բերում մատաղացու գառներ, աքլորներ։ Տարածքում վաճառակետ ունենալու համար պետք է օրեր առաջ հերթ պահել։ Վաճառք իրականացնող Հերիքնազ Պապոյանը նշում է. «Նախապես տարածքը գծում ենք ու սանտիմետր առ սանտիմետր տեղավորվում։ Եթե կողքի հարևանն էլ ցանկանում է սեղան դնել, ընդառաջում ենք» Տիկին Հերիքնազն,արդեն յոթերորդ տարին է՝ Արթիկից գալիս է այստեղ։ Վաճառվող զարդերն իր ձեռքի աշխատանքներն են. «Մարդիկ արդեն գնահատում են գեղեցկությունը, արժեքները…»։ Բյուրեղավանցի 60-ամյա Անահիտ Եփրեմյանը տասը տարուց ավելի է այս տոնին գալիս է Նորք։ Եվ ապրանք է վաճառում, եւ աղոթում։ «Այն ժամանակ մի քիչ էին հավատում, բայց հիմա երկրաշարժեր, տարբեր դեպքեր, որ պատահեց ժողովուրդը շատ է հավատում»։ Չնայած արդեն կեսգիշերին մոտ է, մարդկանց հոսքն այստեղ չի դադարում։ Սուրբ Աստվածածինը դժվարությամբ է տեղավորում մեծաթիվ քաղաքացիներին։ Մոմավառությունն էլ արվում է եկեղեցուն հարակից պատի տակ։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է։ Բայց այսօր, ի տարբերություն նախորդ տարիների, կառավարության որոշմամբ՝ աշխատանքային օր է։