Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկեղեցին չի մերժում մկրտել Թուրքիայի հայերին, խնդիրն այլ է (տեսանյութ)

Հասարակություն
Ter-Zaqaria

Հայոց եկեղեցին չի մերժում մկրտել Թուրքիայից ժամանած հայերին, պարզապես կա որոշակի նախապատրաստություն, ընթացակարգ, որը պետք է անցնի ցանկացած անձ, ով ուզում է քրիստոնյա դառնալ։ «Պետք է ծանոթանալ, թե ինչ է քրիստոնեությունը, ինչ պարտավորություններ ունի յուրաքանչյուր քրիստոնյա»,-ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը։ Նա հորդորում է մարդկանց միայն զգացական դաշտում չդիտարկել այս հարցը։ Կան  մի շարք խնդիրներ, որոնց առնչությամբ եկեղեցին զգուշավորություն է դրսևորում։ Օրինակ Թուրքիայում բնակվող հայերը, բացի բուն անձնագրից, ունեն նաև ներքին օգտագործման նույնականացման քարտ։ Այնտեղ նշվում է մարդու կրոնական պատկանելիությունը. մահմեդական է, քրիստոնյա է։ «Այն մարդիկ, ովքեր Թուրքիայից ժամանում են ու ցանկանում մկրտվել, նրանց ասվում է, որ անձնագրում պետք է փոխեն, որովհետև բազմաթիվ դեպքեր կան, որ մարդիկ չեն ցանկանում անձնագրում փոխել։ Բացառված չէ, որ բազմաթիվ թուրքեր, քրդեր կարող են գալ ու մկրտվել, իսկ դա մեզ համար, հատկապես՝ պոլսահայ համայնքի համար, հոգևոր անվտանգության խնդիր է»,-շեշտեց հոգևորականը։ Տեր Զաքարիան նաև հայտնեց, որ բազմաթիվ իրանցիներ են դիմում եկեղեցուն՝ ցանկություն հայտնելով մկրտվելու։ Բայց դա արվում է միայն մկրտության վկայական ձեռք բերելու նպատակով։ «Հենց մենք ասում ենք, որ կմկրտենք, բայց չենք տա վկայական, նրանք այլևս չեն ցանկանում։ Այդ վկայականը նրանց դեպի Եվրոպա, ԱՄՆ տանող ճանապարհ է»։