Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
valeri-permyakov

Կայազորային զինվորական դատարանը  Վալերի Պերմյակովին  րոպեներ առաջ դատապարտեց 10 տարվա ազատազրկման դասալքության և ապօրինի զենք կրելու մասով։ Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում  ընթանում էր  Երևանի հինգերորդ կայազորային զինվորական դատարանի  արտագնա դատական նիստը։ Ավետիսյան ընտանիքի սպանության մեջ մեղադրվող  զինծառայող Վալերի Պերմյակովը հունվարի 12-ին  պատրաստվում էր Թուրքիայի տարածքով փախչեր Ռուսաստան:  Պերմյակովն այսօր  ամբողջությամբ  ընդունեց իր մեղքը.  բայց հրաժարվեց դատական ցուցմունքներ տալուց։ Այսօր Պերմյակովին միայն դատում էին դասալքության, զենքի եւ զինամթերքի հափշտակության,  փոխանցելու, տեղափոխելու ու կրելու համար։    Ավետիսյան ընտանիքի յոթ անդամի սպանության գործը քննվելու  է  առանձին։ Սպանության գործը, ռուսական կողմը  փոխանցել է հայկական կողմին: Այսօր քննվող գործում տուժող կողմ էր  ճանաչված ռուսական 102-րդ ռազմակայանը: Ի դեպ,  դասալիք Պերմյակովը,  պարզվում է, ըստ նախաքննական ցուցմունքների, Ռուսաստանում  ծառայության ընթացքում,  ութ անգամ զորամասից դիմել է փախուստի: Դատական նիստին ցանկություն էին հայտնել մասնակցել նաեւ  Ավետիսյանների հարազատներն ու նրանց փաստաբանները: «Մեր նպատակը, թե ինչ տեղեկատվություն կարող ենք ստանալ ռուսական կողմից քննվող գործից  եւ որքանով կարող ենք օգտագործել հայկական կողմից քննվող գործի ընթացքում»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։   Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին  չի հանձնվել բուն գործը, քանի որ  թարգմանությունները դեռ չեն ավարտվել։ Նախաքննական ցուցմունքներով Վալերի  Պերմյակովը ընդունել է նաեւ Ավետիսյան ընտանիքի սպանության մեղադրանքը։   Սպանվածներից՝ Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը  չի հավատում, որ Պերմյակովը  միայնակ է գործել սպանդը։