«Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի 2016 թ-ի առաջնությունը կանցկացվի Հայաստանում (տեսանյութ)
Հայաստանը հայտ էր ներկայացրել «Ինչ, որտեղ,երբ» միջազգային ասոցացիա, որպեսզի հաջորդ տարի Հայաստանում անցկացվի «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությունը։ «Աշխարհի առաջնությունը պատիվ է բերում այն երկրին, որը կազմակերպում է ե՛ւ քարոզչական, ե՛ւ քաղաքական իմաստով, ե՛ւ տեղեկատվական հոսքերում հայտնվելու, ե՛ւ ինտելեկտուալ ու կազմակերչական ներուժը գնահատելու։ Մենք դիմել էինք «Ակումբների միջազգային ասոցացիային» եւ օրեր առաջ ստացել ենք ասոցացիայի նախագահի կողմից գրավոր հասատում առ այն, որ Հայաստանի գիտակների ասոցացիայի հայտը 2016 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում, մասնավորապես Ծաղկաձորում անցկացնելու հետ կապված, դիտարկվել է եւ նախագահության կողմից հաստատվել է մեր հայտը, ուստի 2016 թվականին մեզ խնդրում են կազմակերպել, հյուրընկալել «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնություն»,- ասաց Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը,որն ասուլիս էր հրավիրել՝ խոսելու ինտելեկտուալ խաղերի մասին։ Ըստ նրա՝ ինտելեկտուալ շարժումը վերջին 10 տարիների ընթացքում գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո։ Համապատասխան բյուջետային հատկացումների եւ ծրագրավորված, նպատակային աշխատանք է տարվում ինտելեկտուալ շարժումը Հայաստանում տարածելու եւ ավելի համատարած դարձնելու։