Զբոսաշրջային ընկերությունները դժգոհ են ավտոբուսների հավաստագրման կարգից (տեսանյութ)
Զբոսաշրջային երկու ընկերությունների ներկայացուցիչներ բողոքում են հունիսի 30-ին կառավարության կողմից հաստատված զբոսաշրջային ավտոբուսների հավաստագրման կարգի որոշ դրույթների դեմ։ Ըստ այդմ՝ 14-18 եւ ավելի տեղ ունեցող ավտոբուսների համար նստատեղի լայնությունը պետք է լինի համապատասխանաբար 40 եւ 43 սմ։ Իսկ դրանց միջեւ հեռավորությունը՝ 70 եւ 72 սմ, շարքերի միջեւ հեռավորությունը՝ 60 եւ 55 սմ։ Ավելի քան 18 նստատեղ ունեցող ավտոբուսների համար անհարժեշտ է ոտքերի հենակ, բացովի սեղանիկ։ Ավելի քան 40 տեղանոց ավտոբուսների համար նախատեսված է սանհանգույց եւ լվացարան։ Սառնարանը պարտադիր է բոլոր ավտոբուսներում։ «Արտաքին տեսքի առումով համաձայն ենք, բայց նստատեղերի հեռավորությունը որ նշված է, նման ավտոբուսներ մեր երկրում չկան»,-շեշտեց զբոսաշրջային ընկերություններից մեկի տնօրեն Հարություն Կարագյանը։ Իսկ մեկ այլ զբոսաշրջային ընկերության տնօրեն Վահե Լորենցը վստահ է, որ սա արվում է՝ որոշակի նպատակներից ելնելով։ «Որևէ մեկն արդեն իսկ ունի այդ մեքենաները և ռեալիզացնելու խնդիր ունի։ Բայց բոլոր դեպքերում առնչվում ենք այն խնդրին, որ նեղ անձնական կամ խմբակային շահը արդեն իսկ գերադասվում է ընդհանուրից։ Ոլորտը դա կվնասի։ Փոքր և միջին տուրիստական ընկերությունները հաստատ չեն դիմանա այդ մրցակցությանը»։ Նրանք պատրաստվում են այլ զբոսաշրջային ընկերությունների ղեկավարների ներգրավմամբ կազմել իրենց պահանջների ցանկը և ներկայացնել կառավարությանը։