Մահացած ծննդկանը սրտի արատ է ունեցել. ԱՆ փոխնախարար (տեսանյութ)
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ հուլիսի 29-ին «էրեբունի» բժշկական կենտրոնում ծննդկանի և 3 օր անց նորածնի մահվան դեպքերով այս պահին լայնածավալ ուսումնասիրություն է ընթանում։«Իրականացնում ենք տվյալների հավաքագրում, բոլոր տեսակի անկետաների, հղիների վարման քարտերի, հիվանդանոցներում նրանց լինելու ժամանակահատվածի վերաբերյալ նյութեր, հանդիպում ենք մասնագետների հետ, քննարկում այն վարկածները, որոնցով կարող էր տեղի ունենալ այս երևույթը, որը հանգեցրել է մահվան։ Մեր հիմնական նպատակն է վեր հանել այնպիսի գործողություններ կամ բուժման սխեմայում բացթողումներ, կամ վարքագծային, կազմակերպչական թերություններ, որոնք կարող են բերել մահվան պատճառի հայտնաբերմանը»,-նշեց նա։ Առողջապահության փոխնախարարը վստահեցնում է, որ գործընթացը հնարավորինս արագ է իրականացվելու։ «Երեկ նախարարը հանդիպել է մահացած կնոջ հոր հետ և նշել, որ իրենք էլ կարող են հետևել կատարվող ուսումնասիրությանը։ Ասեմ, որ մահացածի հայրը մեծ վստահություն հայտնեց ուսումնասիրության առնչությամբ»,-ասաց պարոն Խաչատրյանը։ «Իսկ Գյումրիում արձանագրված դարձյալ մայրական մահացության դեպքն այն պատճառով է, որ այդ կինը 4-րդ կարգի սրտի արատ է ունեցել, որը նոր չի եղել»,-եզրափակեց փոխնախարարը։