«Հեպատիտ B-ն վերջնական չի անցնում». բժիշկ (տեսանյութ)
Աշխարհում մոտ 600 մլն մարդ տառապում է հեպատիտ B-ով և C-ով։ Տարեկան 1,5 մլն մարդ էլ մահանում է հիվանդության հետևանքով։ Սակայն սրա պարագայում մահվան դեպքերը տասն անգամ պակաս են ՄԻԱՎ-ից և ՁԻԱՀ-ից։ Մեր երկրում հեպատիտ C-ով տառապում է բնակչության 4 տոկոսը, B-ով՝ 2-3։ Մինչև 14 տարեկան երեխաների մոտ հեպատիտ B չի հայտնաբերվել։ «Ցանկացած արյան ներարկում, եթե արվի ոչ պատշաճ ստերիլիզացված ներարկիչներով, կարող է հեպատիտի առաջացման պատճառ դառնալ»,-ասում է Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը։ Նրա խոսքով՝ վերջերս Քաջարանում գրանցված հեպատիտի դեպքերը հենց բժշկական սարքավորումների ոչ ստերիլ վիճակի արդյունք էին։ Մասնագետը խորհուրդ է տալիս զգույշ լինել նաև կոսմետոլոգիական, դաջվածքների սրահներում։ Սակայն հեպատիտի առաջացման գլխավոր պատճառ մնում է սեռական ճանապարհը։ «Հեպատիտ C ունեցող անձը տարիներ շարունակ կարող է չիմանալ հիվանդության մասին, քանի որ այն առանձնապես չի արտահայտվում»,-շեշտում է տիկին Ղազինյանը։ Հիվանդության երկու ենթատեսակներն էլ ժամանակի ընթացքում կարող են վերածվել լյարդի ցերոզի կամ առաջնային ուռուցքի։ «Ա1+»-ի հարցին, թե ի վերջո այն որքանո՞վ է բուժելի շատերի մոտ որպես դատավճիռ ընկալվող այս հիվանդությունը, Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավարը նշեց. «Հեպատիտ B-ի դեպքում բուժումը նշանակում է հիվանդության կառավարում, սակայն վերջնական չի անցնում։ Պարզապես կանխարգելում ենք հիվանդի մահը։ Իսկ C-ի պարագայում առողջացնում ենք»։ Մասնագետը հորդորում է բնակչությանը պարբերաբար պատվաստվել, և իհարկե՝ խստորեն պահպանել անձնական հիգիենան։ Ի դեպ, վաղը երեկոյան 19.00-ին հեպատիտի իրազեկման նպատակով Հյուսիսային պողոտայում միջոցառում կանցկացվի։