Վիզա ստանալն ամենևին չի հեշտացել (տեսանյութ)
Երկու տարի շարունակ եվրոպացի պաշտոնյանները հայտարարում են, թե մտադիր են աստիճանաբար հասնել Հայաստանի հետ վիզային ռեժիմի վերացման։ Այդ տարածքի երկրներ մեկնող հայաստանցիների գործը դեռ չի հեշտացել՝ անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելիս։ Մուտքի արտոնագիր տրամադրող միասնական կենտրոնում մարդկային մեծ հերթեր են գոյացել։ Քաղաքացիներից մեկն, օրինակ, վրդովված է. ստիպված է եղել ժամեր շարունակ սպասել. «Մի հատ մատնահետք տալու համար պետք Է սպասես, գումար վճարելու համար պետք Է սպասես, գործողությունները արագ չեն կատարվում։ Օրինակ` ես աշխատող մարդ եմ, ինչո՞ւ պետք է էսքան ժամանակ վատնեմ՝ 15 օր հանգստանալու համար»,- նշում է նա։ Միավորված վիզաների դիմումների կենտրոնի ստեղծումը քաղաքացիների մոտ հույսեր էր արթնացրել, որ իրենք կկարողանան դյուրին ընթացակարգով փաստաթղթերը ձևակերպել, իրականում պատկերն այլ է։ Քաղաքացին նշում է. «Երբ որ նախորդ անգամ ես գնացել եմ դեսպանատուն, ես իմ ժամին մտել եմ կոնսուլի մոտ, հարցազրույցս արագ արել եմ ու դուրս եմ եկել։ Իսկ էստեղ՝ ճիշտ է աշխատողները շատ բարեհամբույր են, բայց ինքը՝ պրոցեսը, ինձ համար հաճելի չի»։ Մեկ այլ քաղաքացի էլ չի կարողացել կապ հաստատել ընկերության հետ ու միայն տեղում է պարզել, թե որ օրը պետք է իրեն սպասարկեն։ «Չնայած գումարը վճարել էի այս միջնորդավորված ծառայության համար, բայց եկա հասա այստեղ ու հիմա գնում եմ հետ, որպեսզի վաղը նորից գամ։ Էս կազմակերպությունը չունի իր ինտերնետային կայքը, որտեղից կարող էինք տեղեկանալ վիզայի վերաբերյալ, և ստիպված էի կապ հաստատել բացառապես հեռախոսի միջոցով, որին չեն արձագանքում, մենք էլ գալիս ու հետ ենք գնում»,- նշում է նա։ Քաղաքացիների կողմից բողոքների առատությունը կապված է նրանց տրամադրվող ինֆորմացիայի պակասի հետ։ Hot Tours տուրիստական գործակալության ներկայացուցիչ Լուսինե Մելիքջանյանը սա կապում է ընկերության ծանրաբեռնված աշխատանքի հետ։ «Ֆիզիկական անձինք, ովքեր օնլայն կարգով մտնում են ու գրանցվում էստեղ, իրանք չգիտեն՝ ո՞ւր պետք է գնան, ի՞նչ պետք է ասեն, ու՞ր պետք է դիմեն, իրենց թղթերը ոչ ոք չի նայում դրանից առաջ։ Վիզա-կենտրոնը երկար ժամանակ է կորցնում նրանց թղթերը դասավորելու համար։ Դրա համար էլ շատ ավելի ժամանակ է խլվում»։ Ի դեպ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը քաղաքացիների դիմումների հիման վրա ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու, թե արդյո՞ք համաչափ է Վիզա- կենտրոնի կողմից քաղաքացիներից գանձվող 12 հազար դրամը՝ մատուցած ծառայություններին։