Երեւանի մամուլի ակումբը 20 տարեկան է. մրցանակ՝ նաեւ տպավորիչ լուսանկարի համար (տեսանյութ)
Երեւանի մամուլի ակումբը 20 տարեկան է։ Իր ծննդյան օրվա առիթով ԵՄԱ-ն այսօր կամերային թատրոնում անցկացրեց իր ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը։ Հայաստանի լավագույն լրագրողները, ԶԼՄ-ներն ու մեդիա-կազմակերպությունները այսօր ԵՄԱ-ից ստացան ոչ միայն մրցանակներ, այլեւ գովեստի խոսքեր։ Մրցանակակիրներն ու մեդիա ոլորտի մասնագետներն էլ նշեցին, թե որքան կարեւոր է Երեւանի Մամուլի ակումբի դերը հայկական լրատվության ոլորտում։ Մրցանակների արժանացան՝ Lragir.am կայքի «Կիրակնօրյա նոթեր» հրապարակախոսական շարքի համար Վահրամ Մարտիրոսյանը արժանացավ Վալերի Այդինյանի անվան մրցանակին։ Մրցանակը հանձնեցին ԵՄԱ վարչության անդամ, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը եւ Վալերի Այդինյանի դուստրը՝ Ելենա Այդինյանը։ Խմբագրական հմուտ ձեռագրի համար «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը արժանացավ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին։ Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։ 2015թ. հունիսի «ԷլեկտրիկԵրեւանի» ամենատպավորիչ լուսանկարի համար «Ֆոտոլուրի» թղթակից Վահրամ Բաղդասարյանը արժանացավ ԵՄԱ հիմնադիր անդամ, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին (նկարում): Մրցանակը հանձնեց «Պատկեր» ստուդիայի տնօրեն Տիգրան Մանգասարյանը։ Մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի եւ բազմակողմանի մոտեցման համար մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը արժանացավ Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին։ Մրցանակը շնորհվում է առաջին անգամ։ Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, գերմանական «Դոյչե Վելլե» մեդիա հոլդինգի հայաստանյան թղթակից Աշոտ Գազազյանը։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում ՏԻՄ բարեփոխումների թեման լավագույնս լուսաբանելու համար Համայնքների ֆինանսիստների միավորման եւ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին արժանացավ «Հետք» առցանց թերթի լրագրող Սառա Պետրոսյանը: Մրցանակը հանձնեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը: Հանրային կարեւորություն ունեցող խնդիրները ֆիլմերում եւ սոցիալական գովազդի ժանրում լավագույնս ներկայացնելու համար մրցանակի արժանացավ «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանը։ Մրցանակը հանձնեց Երեւանի մամուլի ակումբի փորձագետ, ԵՄԱ ամփոփագրի խմբագիր Արեւհատ Գրիգորյանը։ Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ պարգեւատրվեցին ԵՄԱ փոխնախագահ Ավետ Դեմուրյանը եւ ԵՄԱ անդամ Զավեն Խաչիկյանը։ Պարգեւները հանձնեցին ԵՄԱ փորձագետ Արմինե Սուքիասյանը եւ ԵՄԱ անդամ, լուսանկարիչ Գերման Ավագյանը։ Երեւանի մամուլի ակումբի հետ արդյունավետ համագործակցության համար «Լավագույն գործընկեր» մրցանակին արժանացան՝
- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը
- Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը
- «Արթուրս Աղվերան ռիզորթ» հանգստյան տունը
- Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
- Համայնքների ֆինանսիստների միավորումը
- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն
- Երեւանի պետական կամերային թատրոնը