«Հարցերը լուծում կարող են ստանալ միայն քաղաքական հարթություններում» (տեսանյութ)
Հայաստանյան քաղաքացիական նախաձեռնություններն իրենց առաջնահերթ խնդիրներից մեկը համարում են բոլոր նախաձեռնությունների միավորումը։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը հնարավոր չի համարում քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը բռնապետության պայմաններում։ Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ ի վերջո քաղաքացիական նախաձեռնությունները մարում են, եւ միեւնույն է խնդիրները լուծումներ չեն ստանում։ Կարծում է, որ բոլոր հարցերը լուծում կարող են ստանալ միայն քաղաքական հարթություններում. «Մեր երկիրը բռնազավթված է, մենք կմնանք գաճաճության մակարդակում եւ բռնատիրական վիճակում չենք կարող պայքարել»,–ասաց Վարուժան Ավետիսյանը։ «Սինջար եզդիների ազգային միավորում» կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին ասաց, որ մարդկության մտածողությունն այլեւս փոխվել է, եւ բոլորն արդեն մտածում են պայքարելու մասին. «Վերջին շրջանում եզդիական համայնքի երիտասարդ ներկայացուցիչները մասնակցում են տարբեր նախաձեռնությունների, սա նշանակում է, որ իրենք Հայաստանը դիտարկում են իրենց երկիր»: Բորիս Մուրազին հավելեց նաեւ, որ բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքական են եւ սրանք քաղաքականության վրա ազդելու միջոց են: Բոլոր ակցիաները քաղաքական էին, բայց ոչ կուսակցական. քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանն էլ ասաց, որ քաղաքացիական նախաձեռնությունների ուսերին պետք չի դնել իշխանափոխության պահանջարկը: Նրանք չունեն այդ ներուժը եւ նպատակը։ Կուսակցությունները իրենց մոտեցումները պետք է վերանայեն, որպեսզի հենվելով քաղաքացիական նախաձեռնությունների վրա կարողանան լուծումներ տալ։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանն ասաց, որ իրենց բարձրացրած հարցերը մինչեւ ՌԴ վարչապետ արձագանք են ստացել եւ, որ պետք է յուրաքանչյուրն իր համար որոշի, թե արդյոք իրենց պայքարը քաղաքական է, թե ոչ։ Նշեց նաեւ, որ մինչեւ այսօր նրանք աջակցություն են ստացել միայն կուսակցությունների երիտթեւերից։ Լրագրողների դիտարկմանը, թե ակտիվիստները չեն ցանկացել, որ քաղաքական ուժեր կառավարեն նրանց, Արթուր Քոչարյանը պատասխանեց. «Մենք չենք ասել, որ բարձրախոսը մեր ձեռքից խլեն ու կանգնեն հարթակում խոսեն: Թող գային որպես հասարակ քաղաքացի։ Հիմա պետք է այնպես անել, որ փողոցը մեր ձեռքից չվերցնեն։ Պայքարը շարունակենք փողոցում»։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենց նպատակը երբեք էլ չի փոխվել, այսինքն՝պետք է հասնեն մի խնդրի լուծմանը, հետո միայն անցնեն այլ խնդիրներին։ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը միջամտելով Սոֆյա Հովսեփյանին, ասաց, որ նա փաստերը խեղաթյուրում է. «Ամսի 19-ի ձեր հավաքին ներկա եմ գտնվել եւ դրա մոտիվացիան այն էր, որ դուք հայտարարել էիք. եթե եռօրյա ժամկետում ձեր պահանջները չկատարեն, կպահանջեք Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հրաժարականը,բայց հետո պլանկան իջացնել, ինչ-որ ոստիկանի հրաժարական պահանջել,անհասկանալի է»։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ասացին, որ իրենք կպահանջեն հրաժարականներ, եթե Սերժ Սարգսյանն ասի`«ես թքած ունեմ ձեր պահանջի վրա»: Սոֆյա Հովսեփյանը նշեց նաեւ, որ իրենց պայքարը շարունակական է լինելու։