Կհրապարակվեն Թեղուտի շահագործման անօրինականությունն ապացուցող փաստեր (տեսանյութ)
2007 թվականից սկսած քաղաքացիական հասարակության տարբեր խմբեր բարձրաձայնում են Թեղուտում հանքավայրի շահագործման սոցիալ–տնտեսական, առողջապահական վտանգների մասին։ Բնապահպան Արթուր Գրիգորյանը նշում է, որ եթե հանքավայրը շահագործվում է, դա չի նշանակում, որ իրենց պայքարը դադարել է. «Սա այն քաղաքացիական պրոցեսն է, որ իր դեռ շարունակում է պայքարը եւ որ չի ասում՝ վերջ, այլեւս պարտված ենք ու ոչինչ չենք կարող անել։ Մենք պետք է ապացուցենք, որ այդ հանքավայրի շահագործումը անօրինական է։ Եթե որեւէ հարց չի լուծվում իրավական համակարգով, ապա այն դառնում է քաղաքական գործընթաց։ Ավելին, այս նախագիծը Սերժ Սարգսյանի կողմից է հովանավորվում»։ Բնապահպանները ձեռք են բերել ապացույցներ, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է ՀՀ օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի դրույթների կոպիտ խախտումներով. «Անակնկալի եկանք, երբ իմացանք, որ այս պահի դրությամբ հանքավայրը շահագործվում է նոր՝ 2010 թվականի մշակված պրոեկտով, որը չի անցել օրենքով սահմանված թույլտվությունների ստացման գործընթացը։ Խախտումները ներկայացված են Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի երկու որոշումներում, Environment Resources Management ընկերության կազմած՝ ՇՄԱԳ հաշվետվության վերագնահատման փաստաթղթերում, ինչպես նաեւ արբանյակից կատարված լուսանկարների վերծանումից ստացված տվյալներում»,–ասում է Արթուր Գրիգորյանը: Նա հավելում է, որ բնապահպանական տեսանկյունից ավելի վատթար պայմաններ են սպասվում, նոր նախագիծը օրենքով սահմանված կարգով չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության եւ չի դրվել հանրային քննարկումների, ինչն օրենսդրության կոպիտ խախտում է։ Նշենք նաեւ, որ այս տարի առաջին անգամ դատարանը Թեղուտի նկատմամբ հայցադիմումը ընդունեց քննության եւ դատական քննության ընթացքում բնապահպանության նախարարությունը որոշում կայացրեց ստուգումներ իրականացնել Թեղուտում։ Բնապահպաններն ունեն փաստաթղթեր եւ դրանց իսկությունը հիմնավորող արբանյակային նկարներ, որոնք ապացուցում են Թեղուտի շահագործման անօրինականությունը։ Նրանք այդ փաստաթղթերը շուտով կհրապարակեն, իսկ մինչ այդ նկարահանել են ֆիլմ «Թեղուտ՝օրենքից դուրս» անվանումով, որտեղ ներկայացված են Թեղուտի ապօրինությունները։