Կանխարգելել մշակութային վանդալիզմը. Համաժողով՝ 45 երկրների մասնակցությամբ
«Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսին այսօր Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր բացման խոսքում նշեց, որ թվով երրորդ այս համաժողովը համընկնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի հետ. «Այս համաժողովը նաեւ ներկայիս մարտահրավերների եւ ձեռքբերումների ամփոփումն է: Միայն քաղաքական եւ տնտեսական գործոնները բավարար չեն ժողովուրդների միջեւ խաղաղության հաստատման համար. կարեւորագույն գործոնը մշակույթն է՝ միջմշակութային երկխոսության եւ միջքաղաքակրթական համերաշխության համար»: Նա նաեւ նշեց, որ այսօր շատ ազգերի եւ պետությունների ազգային մշակութային արժեքներ ուղղակի արմատախիլ են արվել իրենց բնօրրաններից՝ Աֆղանստան, Ջուղա, Սիրիա. «Կրոնական եւ ազգային ատելության դրսեւորումները հավասարապես ուղղված են մշակութային կոթողների դեմ: Այլոց մշակութային արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը պետք է վճռականորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Միացիր հանուն ժառանգության» կարգախոսը, ըստ նրա, միտված է կանխարգելելու մշակութային վանդալիզմը. «Մշակույթը սերունդների միջեւ կամրջող օղակ է, եւ դա է պատճառը, որ առաջին հերթին փորձում են ավերել մշակութային կոթողները: 2009թ. ՀՀ-ում գործում է մշակութային զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որն իր մեջ ներառում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված կոթողները: Անհերքելի է մշակույթի դերը մարդու զարգացման գործում. այն բարեկեցության եւ խաղաղության ձգտում ունի: Հուսով եմ, որ մեր այս համաժողովը եւս կծառայի այս վեհ գաղափարներին»: Ի դեպ, այսօրվա համաժողովին մասնակցում են 45 երկրից եւ միջազգային կազմակերպություններից պատվիրակներ: Կոնֆերանսին մասնակցում են ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների մշակույթի նախարարներ և այլ բարձրաստիճան հյուրեր: